ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ԴՕՍԱԱՖ հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակը հայոց բանակի համար մասնագետներ պատրաստելն է, նշում է ստեղծման 90-ամյակը: Կարելի է ասել՝ ԴՕՍԱԱՖ-ը Պաշտպանության նախարարության ռեզերվն է:
Այսօր էլ ավանդույթը շարունակվում է. ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ կամավորներ մարզվում էին ԴՕՍԱԱՖ-ի մարզահրապարակներում, նոր միայն մեկնում մարտի դաշտ: Ինչպես Արկադի Տեր-Թադևոսյանն է սիրում կրկնել՝ ես հրանոթի համար մսացու չունեմ, կամավորներին պիտի լավ մարզեմ, պատրաստեմ, նոր ռազմի դաշտ ուղարկեմ: Ինչպես նախորդ տասնամյակներում, այնպես էլ հիմա, շատ երիտասարդներ բանակ գնալուց առաջ ռազմատեխնիկական որևէ մարզաձև յուրացնում են իրենց մոտ:
ԴՈՍԱԱՖ-ի կազմավորման 90-ամյակի և Հայոց հաղթանակած բանակի 25-ամյակի կապակցությամբ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը «ԴՕՍԱԱՖ 90» մեդալով պարգևատրեց բազմաթիվ կամավոր նվիրյալների, ովքեր և՛ արցախյան գոյամարտի օրերին, և՛ դրանից հետո, և՛ ապրիլյան քառօրյայի ընթացքում ու դրանից հետո օգնել են հայ զինվորին, կանգնած են եղել նրա կողքին:
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Կոմանդոսից մեդալ ստացած ռեժիսոր, պրոդյուսեր Արմեն Ամիրյանը, ով ապրիլյան պատերազմի օրերին գեներալ-մայորի հետ զինվորի կողքին էր,ասաց, որ հպարտ է լեգենդար հերոսի կողմից պարգևատրվելու համար. «Անակնկալի եկա, երբ զանգահարեցին ու ասացին, որ մեդալ պիտի ստանամ: Սկզբում շատ շփոթվեցի, չէ՞ որ մենք դա պարգևատրվելու համար չենք անում, մենք մեր պարտքն ենք կատարում: Անակնկալ էր, որովհետև անցած ամբողջ տարվա ընթացքում մենք՝ Կոմանդոսի գլխավորությամբ, անընդհատ Արցախ ենք մեկնել՝ տարբեր հարցերում դիրքապահ զինվորին օգնելու, նրա կողքին լինելու համար: Դա մեր առօրյայի սովորական մասն է դարձել, ու չէի սպասում, որ կպարգևատրվեմ»:
Ինչպես տարիներ շարունակ, այնպես էլ 2016-ի պատերազմական օրերին, ԴՕՍԱԱՖ-ում պատրաստում էին ռազմատեխնիկական մարզաձևերի տարբեր մասնագետներ՝ հրաձիգներ, կապավորներ, պարաշյուտիստներ, մոտոցիկլավարներ: Նրանց թվում միայն տղաներ չեն, կան նաև աղջիկներ, որոնք նույնպես հետագայում իրենց սովորածը ծառայեցնում են հայոց բանակին:
Մեզ հետ զրույցում ԴՕՍԱԱՖ-ի կազմ ընդգրկված Արմեն Ամիրյանը և նույն այդ կազմից, արցախյան պատերազմի մասնակից, միակ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանն, ով ևս պարգևատրվածների թվում է, ասում են, որ Արկատի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ ապրիլից հետո տարբեր կազմակերպությունների հետ համագործակցելով, դիրքապահ զինվորներին պարբերաբար հեռադիտակ, վրաններ, կոշիկներ, քաղցրավենիք, անձրևանոց ու այլ պարագաներ են տարել: «Դա նաև հոգեբանական օժանդակություն է:
Թիկունքը զինվորի կողքին պիտի լինի ոչ միայն պատերազմի օրերին, այլ նաև խաղաղ ժամանակներում: Պատերազմի գինն իմացողները լավ գիտեն, որ նաև թիկունքի շնորհիվ է բանակն անպարտելի ու հզոր դառնում:
«ԴՕՍԱԱՖ 90» մեդալը, որ տրվում է արիության, նվիրումի և հայրենասիրության համար, ԱՊՀ երկրների և ՌԴ ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, գեներալ-գնդապետ Կոլմակովի ստորագրությամբ է: