ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. ՆՏՎ հեռուստաալիքը, Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի հետ համագործակցությամբ, սկսում է տաղանդավոր երեխաների համար «Ты супер!» երաժշտական շոուն։ Շոուի կազմակերպիչները «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում պատմել են մասնակիցների ընտրության մասին։
Մրցույթի մասնակից կարող են դառնալ մանկատան, գիշերօթիկ դպրոցների սաները, ինչպես նաև որդեգրված երեխաները։ Հետխորհրդային տարածքի երկրներից 7-18 տարեկան տաղանդավոր երեխաները կկարողանան ցուցադրել իրենց վոկալ տվյալները պրոֆեսիոնալ ժյուրիին և միլիոնավոր հանդիսատեսին, կկարողանան աշխատել լավագույն երաժշտական մանկավարժների և պրոդյուսերների հետ։
«Անձամբ ինձ համար այս մրցույթն արդեն կայացել է։ Ես տեսել եմ այս երեխաների աչքերը, դա անգնահատելի է։ Այդ երեխաների մեծամասնությունը երբեք դուրս չեն եկել իրենց փոքր քաղաքներից», — ասել է ՆՏՎ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Տիմուր Վայնշտեյնը։
Ամեն ինչ կախված է մեզանից
Կազմակերպիչները խոստովանել են, որ նման հուզիչ նախագիծ նրանք դեռ չեն ունեցել։ Երեխաների ընտրությունը հեշտ չի եղել. քաստինգին մասնակցել է շուրջ 1500 երեխա, իսկ տաղանդների որոնումը շարունակվել է երկու ամիս։
«Այդ երեխաներն իրենց տարիքի համեմատ ավելի հասուն են և ավելի լուրջ։ Նրանք ծանր պահեր են ապրել, իսկ առջևում նրանց սպասվում են միայն դրական ապրումներ», — ասել է «Ты супер!» շոուի հաղորդավար Վադիմ Տակմենյովը։
Տվյալ պահին ընտրվել է 92 մասնակից, արդեն երկու շաբաթ է երեխաները փորձ են անում մասնագետների հետ և պատրաստվում նկարահանումներին Մոսկվայում։ Նրանք մանկական ճամբարում ապրում են այն կարգ ու կանոնով, որով պետք է ապրեն նրանց տարիքի երեխաները։
«Մասնակիցների հետ աշխատում են հոգեբաններ, վոկալի և թատերական արվեստի հիանալի մանկավարժներ։ Ավելին, Մոսկվայում ապահովել են ուսումնական գործընթացի շարունակությունը. երեխաները զբաղվում են դպրոցական ծրագրով, որպեսզի մրցույթի պատճառով հետ չմնան դասերից», — հավելեց հաղորդավարը։
«Ты супер!» երաժշտական շոուի եզրափակիչ անցած երեխաները կմասնակցեն մանկական «Նոր ալիքին» և կանցնեն մանկական «Եվրատեսիլի» եզրափակիչ ընտրական փուլ։ ՆՏՎ հեռուստաալիքը մրցույթի ավարտից հետո երեխաների մեծամասնության հետ կբեմադրի և եթերում կցուցադրի «ՇԿԻԴ հանրապետությունը» մյուզիքլը։
«Մեզ համար կարևոր է, որպեսզի մրցույթից հետո երեխաները շարունակեն առաջ գնալ»,- ասել է Վայնշտեյնը։
Ովքե՞ր են դատավորները
«Ժյուրիի անդամներից մեկը հիանալի երգչուհի Յոլկան է, որը նույնպես դժվար ուղի է անցել։ Նա օրինակ կլինի երեխաների համար», — ասել է Վայնշտայնը։ Բացի այդ, ժյուրիի կազմում ընդգրկվել է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, որը վարում է սեփական մանկական երաժշտական նախագծերը։
«Նախագծին միացել է նաև երգչուհի Մարգարիտա Սուխանկինան։ Երկու տարի առաջ երգչուհու ընտանիքում հայտնվել են մանկատան երկու երեխաներ։ Դա, անշուշտ, կօգնի նրան հասկանալ այն երեխաներին, որոնք բեմ կբարձրանան», — ասել է կազմակերպիչը։
Հետևեք Sputnik-ին
Նախագծի գործընկեր Sputnik տեղեկատվական գործակալությունը հույս ունի, որ մանկական մրցույթը կմիավորի հետխորհրդային տարածքի շատ մարդկանց։
«Մենք ուրախ ենք լինել այս անհավանական նախագծի մասը։ Այո, մենք գտել ենք ամենատաղանդավոր երեխաներին ԱՊՀ-ի և Բալթիայի երկրներում և շոուի ամբողջ ընթացքում սրտատրոփ կհետևենք յուրաքանչյուր երեխայի ելույթին` ամեն օր պատմելով նրա հաջողությունների մասին տարբեր երկրներում Sputnik-ի ռեսուրսներով», — հայտարարել է Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի մուլտիմեդիոն կենտրոնների տնօրինության տնօրեն Անդրեյ Բլագոդիրենկոն։
Մանկական մրցույթի առաջին թողարկումը կկայանա փետրվարի 11-ին, ժամը 20։00-ին ՆՏՎ հեռուստաալիքի եթերում։ Sputnik տեղեկատվական գործակալությունը և ռադիոն ուշադիր հետևում է տաղանդավոր երեխաների հաջողություններին. ընթերցողները կարող են իմանալ մրցույթի արդյունքների մասին առցանց օրագրերի և ուղիղ հեռարձակումների ձևաչափով գործակալության կայքերում։