ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Քիչ-քիչ բացահայտվում են ՆՏՎ հեռուստաալիքի կողմից անցկացվող «Ты супер!» երգի մրցույթի ամենագլխավոր գաղտնիքները։ Մրցույթի միջազգային ինֆորմացիոն հովանավորն է Sputnik գործակալությունն ու ռադիոն։ Եվ այսպես, օրվա նորությունը` երգչուհի Յոլկան կդառնա նախագծի ժյուրիի անդամներից մեկը, գրում է Sputnik Ուզբեկստանը։
Ժյուրիի կազմը կհամալրեն ևս երեք աստղեր։ Դժվար իրավիճակներում հայտնված երեխաները` Աբխազիայից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից արդեն ժամանել են Մոսկվա։ Նրանց տեղավորել են մերձմոսկովյան հանգստյան տանը, որտեղ նրանց հետ արդեն պարապում են երգ դասավանդող մանկավարժներն ու երաժշտական պրոդյուսերները։ Յոլկան ևս այցելելու է փոքրիկ մասնակիցներին։
Մրցույթի մասնակից կարող են դառնալ մանկատան, գիշերօթիկ դպրոցների սաները, ինչպես նաև որդեգրված երեխաները։ Հետխորհրդային տարածքի երկրներից 7-18 տարեկան տաղանդավոր երեխաները կկարողանան ցուցադրել իրենց վոկալ տվյալները պրոֆեսիոնալ ժյուրիին և միլիոնավոր հանդիսատեսին, կկարողանան աշխատել լավագույն երաժշտական մանկավարժների և պրոդյուսերների հետ։
«Ты супер!» նախագիծը կվարի ՏԵՖԻ մրցանակակիր Վադիմ Տակմենևը։ Հայաստանը դարձել է նախագծում ներառված ԱՊՀ սակավաթիվ երկրներից մեկը, որը միանգամից երկու մասնակից է ներկայացնելու` Վանաձորից և Գյումրիից։
«Ты супер!» նախագծի ինֆորմացիոն հովանավորն է Sputnik Արմենիան։ Մրցույթը անցկացվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության հովանու ներքո։ ԱՊՀ և Բալթյան երկրները կներկայացնեն ինը երկրներից ժամանած երաժշտական տաղանդներ` ներառյալ Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Էստոնիայից, ինչպես նաև Վրաստանից։
«Ты супер!» մրցույթի պրեմիերան նախատեսված է փետրվարի 18-ին: