ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Իսպանական Marca պարբերականն իր պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացրել պարզելու համար, թե իր ընթերցողների համար որ ֆուտբոլիստների ազգանուններն են դժվար արտասանվում։ Այս մասին հայտնում է euro-football.ru-ն։
Առաջարկված ազգանունների ցանկում է ընդգրկվել նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ազգանունը։
Ցանկում 19 ազգանուն է ներառվել։ Այս պահին գլխավոր հորիզոնականներում են «Ռոմայի» ֆուտբոլիստ Վոյցեխ Շչեսնիի (17%) և «Հերենվենի» ֆուտբոլիստ Ռեզա Գուչանեջհադի (16%) ազգանունները։ Պարբերականը գրում է, որ, ինչքան էլ տարօրինակ թվա, բայց որևէ մեկը չի բողոքում Թաիլանդի հավաքականի ֆուտբոլիստ Հաթհայրատանակուլի ազգանունից։ Հարցախույզի տվյալների համաձայն` Մխիթարյանի ազգանունը դժվարությամբ է արտասանում երկրպագուների 7,5%-ը։
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին: Նրա տեղափոխման համար անգլիական ակումբը 42 միլիոն եվրո է վճարել: