ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik, Ամալյա Պապյան. Դանուբ գետի ափին, Հունգարիայի խորհրդարանի շենքի դիմաց 60 զույգ մաշված ու կիսամաշ կոշիկ կա: Կոշիկներ, որոնք ժամանակին պատկանել են կանանց, ծերերի, որքան էլ սարսափելի է պատկերացնել, նույնիսկ` մանկահասակ երեխաների: Այս ինքնատիպ հուշարձանը հիշեցնում է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստներն ինչ ոճրագործություն են իրականացրել հրեաների նկատմամբ: Հոլոքոստին նվիրված արվեստի այս գլուխգործոցը ստիպում է փշաքաղվել յուրաքանչյուր անցորդի:
1944-1945 թվականներին, ամեն օր Դանուբ գետի Պեշտ ափ են բերվել են 50-60 հոգուց բաղկացած հրեաների խմբեր: Մարդկանց շարել են դոմինոյի սկզբունքով, իրար հետևից, ապա` գնդակահարել: Ֆաշիստական հաշվենկատությանը բնորոշ դաժանությամբ մշակվել է ձև, թե ինչպես կարելի է փոքր ծախսով շատ կյանքեր խլել:
Սկզբում մարդկանց շղթայել են միմյանց, շարել գետի ափին, ապա վատնելով մեկ փամփուշտ` սպանել 60-ին: Երբ գնդակահարել են առջևում կանգնածին, նա ընկել է գետը և իր մարմնի ծանրությամբ գետն է ձգել մյուսներին, որոնք խեղդվել են: Իսկ ի՞նչու էին ափին մնում սպանվածների կոշիկները: Կրկին գերմանական հաշվենկատություն, նախքան ոճրագործությունն իրականացնելը մարդկանց ստիպում էին հանել կոշիկները, որոնք հետագայում բաժանվում էին գերմանացի կարիքավորներին: Այսպիսով` իրականացվում էր ոճրագործություն շահույթով:
Հոլոքոստի հիշատակին նվիրված հուշարձանի հեղինակ Քեն Տոգայը ազգությամբ մասամբ ռուս է, մասամբ` անգլիացի, իսկ քանդակագործ Դյուլա Պաուերը` ազգությամբ հունգարացի է, մասամբ` ռուս: Այս հուշարձանը ճանաչված է որպես աշխարհի ամենահուզիչ հուշարձաններից մեկը: Հիացմունքի է արժանի հուշարձանի կատարման հմտությունը: Բոլոր կոշիկներն առաջին հայացքից իրական են թվում, և միայն մոտ տարածությունից ուսումնասիրելով հնարավոր է նկատել, որ մետաղից են պատրաստված: Կոշիկները պատրաստված են բրոնզից, քարից և երկաթից: Վերարտադրված է 40-ականներին բնորոշ կոշիկների դիզայնը, դժվարություններով անցած մարդուն բնորոշ ոտնամանների ծռմռվածությունը և, իհարկե, մահվան սպասման սարսափը:
60 զույգ կոշիկները շարված են գետի 40 մետր երկայնքով, նույն երկարությունն ունի նաև նստարանը, որին նստելով և կոշիկներին նայելով` կինոժապավենի պես տեսնում ես կոտորվածների դեմքերը, լսում նրանց հուսահատ ձայնն ու մանկան լացը։ Ու նրանք սպանվել են միայն այն պատճառով, որ հրեա են եղել։
Սարսափելի սպանություններն իրականացնում էր ֆաշիստական «Խաչված նետեր» անվանումը կրող խմբավորումը: Հուշարձանը տեղադրվել է 2005 թվականի ապրիլի 16 —ին և դարձել Հոլոքոստի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու վայր, ուր ամեն տարի հունվարի 27-ին վառվող մոմեր և ծաղիկներ են բերում բոլոր նրանք, ովքեր դատապարտում են Դանուբի ափին սպանված շուրջ 10 հազար հրեաների սպանությունը: