ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՆՏՎ-ն նոր նախագիծ է գործարկել, որը կոչվում է «Ты супер», նախագծի հայ մասնակիցները պատրաստվում են Մոսկվա մեկնել փետրվարին։ Աղջիկները երաժշտական հիանալի տվյալներ են ցուցադրել և հաջողությամբ հաղթահարել են ընտրական փուլը։
«Ես երգեցի «Դլե յամանը» և անցա հաջորդ փուլ։ Այս մրցույթի հետ մեծ հույսեր եմ կապում և հաղթելու հույս ունեմ»,- Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Անգելինա Պապիկյանը։
Նա ընտրական փուլի օրը 40 աստիճան ջերմություն է ունեցել և շատ է վախեցել, որ ինքնազգացողությունը կանդրադառնա ձայնի վրա։ Սակայն հաջող ելույթ է ունեցել և այժմ պատրաստվում է Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնել Ռուսաստանում։
Հայաստանցի մյուս մասնակիցը` Սաբինա Մանվելյանը, 8 տարի սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, տեսակապի միջոցով անցկացված լսումներից հետո նրան անմիջապես հրավիրել են Մոսկվա։ Նա կատարել է Նաստյայի և Պոտապի «Бумдиггибай» երգը։
«Մանկուց երազել եմ երգչուհի դառնալ, մեկնել Մոսկվա։ Չեք պատկերացնում` ինչ երջանկություն է ինձ համար»,- խոստովանեց Սաբինան։
Աղջիկների մասնակցությունը մեծ ձեռքբերում է և նրանց առաջին մեծ բեմելը։ 15-ամյա հայուհիներն առաջին երեք ամսվա ընթացքում հանդիպումներ կունենան ռուսական շոուի աստղերի հետ և դասընթացների կմասնակցեն։ Նրանց համար հատուկ պայմաններ կստեղծվեն, որպեսզի զուգահեռաբար յուրացնեն նաև դպրոցական ուսուցման ծրագրով նախատեսված դասերը։
«Տաղանդների շոուի ընթացքում Sputnik-ն իր ռեսուրսներում հնարավորություն կտա ընթերցողներին և ռադիոլսողներին հետևել մրցույթի մասնակիցների հաջողություններին առցանց օրագրերի ձևաչափով և շոուի ուղիղ հեռարձակման միջոցով: Մեզ համար կարևոր է այս նախագծի մասնակցությունը, նշանակալի է այն փաստը, որ Հայաստանը միանգամից երկու մասնակից է ունենալու»,- ասուլիսի ժամանակ ասաց Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը։
Նրա խոսքով` ՆՏՎ-ի այս նախագիծը սոցիալական ուղղվածություն ունի և ինքնադրսևորման հնարավորություն է տալիս տաղանդավոր երեխաներին, որոնք զրկված են ծնողական խնամքից։
Գործակալության՝ սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում բոլոր ցանկացողները կարող են քվեարկել մրցույթի այն մասնակցի օգտին, որին հավանել են: Հայաստանի մասնակիցներն առաջիկայում կմեկնեն Մոսկվա, նրանց կուղեկցեն պաշտոնական ներկայացուցիչները՝ մանկավարժները, խնամակալները:
Ասուլիսի ընթացքում ցուցադրվեց նաև ռուս հեռուստալրագրող Վադիմ Տակմենյովի տեսաուղերձը, որում նա ողջունում է նախագծի մասնակիցներին և հաջողություն մաղթում նրանց։
«Ты супер!» մրցույթն իրագործվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: ԱՊՀ և Բալթյան տարածքի երաժշտական տաղանդները կժամանեն 9 երկրից, որոնց թվում են նաև Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղըզստանը և Էստոնիան: Նախագծի հաղորդավարը կլինի Վադիմ Տակմենյովը:
«Ты супер!» մրցույթի պրեմիերան նախատեսված է փետրվարի 18-ին: Նախագծի մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՆՏՎ-ի կայքում: Հետևեք տաղանդների երաժշտական շոուի նորություններին Sputnik Արմենիայի ռեսուրսներում:
ՆՏՎ-ն Ռուսաստանի խոշորագույն ոչ պետական հեռուստաընկերություններից է, գործում է 1993թ-ի հոկտեմբերից և ընդգրկված է ռուսական հեռուստաշուկայի առաջատար հեռուստաընկերությունների եռյակում: ՆՏՎ-ն հեռարձակվում է ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտներում՝ ընդգրկելով բնակչության 99,2 տոկոսը:
Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով: