ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանը` ՀՀ կառավարության անունից, շնորհավորել է Ավստրալիայում ապրող մեր հայրենակցուհուն` Գլեդիս Բերեջիկլյանին` Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնին անցնելու կապակցությամբ։
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի տիկին Բերեջիկլյան, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ողջունելի է, որ Ավստրալիայի հայ համայնքը, ակտիվ ներգրավված լինելով երկրի հասարակական-քաղաքական կյանքում, իր ուրույն նպաստն է բերում տարբեր բնագավառներում Ավստրալիայի զարգացման գործում, որի վկան է Ձեր արգասաբեր գործունեությունը:
Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր լիցք կհաղորդվի Հայաստանի և Ավստրալիայի միջև հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, մեր մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությանը:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ Ավստրալիայի բարեկամ ժողովրդի բարեկեցության և հայ-ավստրալիական բարեկամության ամրապնդման», — ասված է շնորհավորական խոսքում: