ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ մամուլում նախօրեին տարածված տեղեկությունը տեղում ստուգելու և իրավիճակին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար:
ԶԼՄ-ները հայտնում են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի քանի դատապարտյալներ ինքնավնասում են արել, քանի որ չեն ցանկացել փոխել իրենց խցերը:
Նրանց հարազատները a1plus.am-ին հայտնել են, որ ամեն ինչ սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանի «2015 թ. ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումից կամ ավելի շուտ, երբ նույն գրասենյակի աշխատակիցները մոնիտորինգ են իրականացրել ՔԿՀ-ներում: Դիտարկումները ցույց են տվել` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որոշ խցեր խոնավ են և առաջարկվել է դատապարտյալներին տեղափոխել այլ խցեր:
Առաջին հարկի խցերից մեկի հինգ դատապարտյալներին տեղեկացրել են, որ նրանց խուց է հատկացվում հինգերոդ հարկում; Ըստ հարազատների` ասել են` նորմալ խուց է, նորոգված: Դատապարտյալները նույնիսկ իրերի մի մասն են վերև բարձրացրել ու… փախել:
«Սարսափելի վիճակ էր, ուղղակի նկարագրել չեմ կարող: Պատուհանը` պուճուր, պատերը` քանդած, լվացարանը` ժանգոտած, բացում ես ծորակը` ժանգաջուր է գալիս»,- ամուսնու խոսքերն է փոխանցել դատապարտյալներից մեկի կինը:
Դատապարտյալներն խնդրել են բանտի ղեկավարությանը` եթե պետական միջոցներով հնարավոր չէ նորոգել, ապա գոնե առավելագույնը մինչև փետրվարի 5-ը ժամանակ տան իրենց, որպեսզի ընտանիքների տրամադրած գումարով նորոգեն խուցը: Առաջարկը չի ընդունվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության կողմից, և խուցը լքել չցանկացողների նկատմամբ գործի են դրվել մահակները, և դատապարտյալները դիմել են ինքնավնասման:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնավնասված երեք դատապարտյալներին այսօր՝ հունվարի 23-ին տարել են «Էրեբունի» հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու։