ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Փենսին՝ պաշտոնները ստանձնելու կապակցությամբ:
ԱՄՆ բոլոր հայ քաղաքացիների և Ամերիկայի բոլոր ծայրերում գտնվող Հայաստանի բարեկամների անունից ANCA-ն շնորհավորել է ու ողջունել նոր նախագահի և նրա վարչակազմի հետ աշխատելու հնարավորությունը` առաջ տանելով համընդհանուր ամերիկյան շահերն ու արժեքները:
«Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն է, որը կիսում է ԱՄՆ-ի հակվածությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին և կրոնական դավանանքի ազատությանը, աջակցում է գլոբալ աշխարհի և բարգավաճման մեր ձգտմանը, ինչպես նաև ակտիվորեն համագործակցում ԱՄՆ-ի հետ միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակում»,- գրված է ANCA-ի հայտարարության մեջ:
ANCA-ն հույս է հայտնում, որ Դոնալդ Թրամփը նոր գաղափարներ առաջ կքաշի ԱՄՆ քաղաքականության մեջ հայկական հարցերի վերաբերյալ` ամրացնելով բարեկամությունը, որով կապված է հայ և ամերիկյան ժողովուրդը: