ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Խոսրով Հարությունյանի ղեկավարած Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միությունը ապրիլին նախանշված խորհրդարանական ընտրություններին առանձին չի մասնակցի: Այսօր լրագրողներին հայտնեց Խոսրով Հարությունյանը:
«Մենք բավական լավ գիտակցում ենք մեր կարողություններն ու հնարավորությունները և որևէ ավելորդ հավակնություններ չունենք»,- ասա նա՝ մեկնաբանելով կայացրած որոշումը:
Խոսրով Հարությունյանը հույս ունի, որ ՀՀԿ-ի հետ իր համագործակցությունը կշարունակվի նաև այս ընտրություններին, բայց ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու առաջարկ դեռ չի ստացել:
Իսկ ընտրություններին ընդառաջ ձևավորվող նոր քաղաքական միավորումներին ու դաշինքներին Խոսրով Հարությունյանն այնքան էլ դրական չի վերաբերվում:
«Դրանք նախընտրական ամուսնություններ են, որոնք որպես կանոն ավարտվում են հետընտրական ապահարզաններով: Իսկ ե՞րբ են ապահարզան տալիս, երբ ընդհանուր ոչինչ չունեն: Այսինքն՝ շատ դաշինքներ կազմվում են այսրոպեական, կարճաժամկետ խնդիր լուծելու համար: Դրանք ապագա չեն կարող ունենալ»,- ասաց նա՝ հավելելով, որ նման քաղաքական ուժերը, եթե նույնիսկ ընտրություններում հաջողության հասնեն, «ԱԺ-ում փախչելու են միմյանցից»:
Ազգային ժողովի հերթական ընտրությունը կկայանա 2017 թվականի ապրիլի 2-ին։