2026 թվականին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում պայքարի մեջ են մտնելու 48 թիմ: Այսպիսով մասնակիցների թիվն ավելացավ 16-ով: ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի նախագիծը հավանություն ստացավ գործկոմի անդամների կողմից:
Այս որոշումը տարբեր կարծիքների տեղիք տվեց: 1998 թվականին Ֆրանսիայում, երբ մասնակիցների թիվը 24-ից հասցվել էր 32-ի, շատ մասնագետներ նույնպես դեմ էին արտահայտվում մասնակիցների թվի ավելացմանը: Բայց Ֆրանսիայում անցկացված առաջնությունը հաջողվեց ու անցկացվեց բարձր մակարդակով:
Ջանի Ինֆանտինոյի առաջարկությունն ընդունվելուց հետո բազմաթիվ կարծիքներ են արդեն հնչել թիմերի թիվը ավելացնելու վերաբերյալ: ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը խելահեղություն է համարում այս որոշումը։
«Այդքան թիմերին ընդունելն ու մրցումներն անցկացնելը անհնարին է: Ֆինանսական այն շահույթը, որին սպասում են 48 թիմերի մասնակցությամբ առաջնությունից, կասկածելի է: Նոր` 16 թիմերին պետք է տեղավորել, կերակրել, մարզումներ ապահովել: Այդ 16 թիմերը պարզապես կտանեն շահույթը»,- ասել է Կոլոսկովը:
Պարզ է, որ մասնակիցների թվի ավելացումը ավելացնում է նաև խաղերի թիվը, և մեծանալու է նաև հավաքականների աշխարհագրությունը: Ներկա համակարգով 32 թիմերի մասնակցությամբ ընդհանուր առմամբ անցկացվում է 64 խաղ, իսկ 48 թիմերի դեպքում կլինի 80:
Ընդ որում` նման համակարգում հիմնականում թույլ թիմեր են ավելանում: Ինֆանտինոն ու նրա համախոհները մեծածավալ քայլ են կատարում Ասիայի, Աֆրիկայի, Օկեանիայի հավաքականների համար: Հետաքրքիր է, որ 24-ից 32 թիմերի անցնելու ժամանակ էլ առավելություն տրվեցին Աֆրիկային, Ասիային և Հյուսիսային Ամերիկային: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ այս մայրցամաքները ներկայացնող հավաքականները միայն երկու անգամ են հասել մինչև կիսաեզրափակիչ (ԱՄՆ-ն` 1930թ-ին, Հարավային Կորեան` 2002 թ-ն): Մեղմ ասած, պարզ է դառնում, որ թիմերի ավելացման նախագիծը հիմնականում ֆինանսական նպատակ ունի:
Հասկանալի է, որ կազմակերպիչ երկրների համար էլ ավելի է մեծանում ծանրաբեռնվածությունը: Կավելանան երկրպագուները, կբարդանան անվտանգությանը վերաբերող հարցերը: Բացի այդ, աշխարհի առաջնության մասնակից հավաքականները մրցատեղի են մեկնում առաջնության մեկնարկից մեկ ամիս առաջ: Ադապտացվելու ու մարզվելու համար արդեն հարկավոր են լրացուցիչ խաղադաշտեր: Իրոք, այս պահի դրությամբ դժվար է պատկերացնել մի երկրի, որը կարող է այս ձևաչափով առաջնություն անցկացնել:
Մյուս կողմից էլ խմբերում երեք թիմ ընդգրկելով նախնական փուլում` ՖԻՖԱ-ն ինչ- որ տեղ էլ ձևական է դարձնում թույլ թիմերի մասնակցությունը: Օլիմպիական սկզբունքով արդեն պարզ է դառնում, որ յուրաքանչյուր խմբից պայքարը շարունակելու է երկու թիմ, հետևաբար այստեղ «թույլերը» երկու հանդիպում անցկացնելուց հետո կզիջեն ճանապարհը հզորներին: Իսկ խմբային փուլից հետո առաջնության ձևաչափը նորից կնմանվի նախկինին:
Դժվար է չհամաձայնել Ինֆանտինոյի հետ այն առումով, որ այս որոշումը կօգնի ֆուտբոլի մասսայականությանն ու զարգացմանը, բայց մեկ վերապահումով` Ասիայում և ԿՈՆԿԱԿԱՖ-ի երկրներում: Եվրոպայում և Հարավային Ամերիկայում ֆուտբոլը զարգացում է ստանում ամեն մրցաշրջանից առաջ ու հետո: Աֆրիկյան թիմերը մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ կարող են անակնկալ մատուցել:
ՖԻՖԱ-ի նոր որոշմանը կտրուկ դեմ է արտահայտվել եվրոպական ակումբների ասոցիացիան: Այս կառույցը համարում է, որ ֆուտբոլ է մուտք գործել քաղաքականությունը: Կառույցն իր պաշտոնական կայքում հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես նշված է. «ԵԱԱ-ն սկզբունքորեն դեմ է ՖԻՖԱ-ի որոշմանը: Սա քաղաքական ճնշման տակ կատարված որոշում է և ոչ մի սպորտային նպատակ չունի»:
Որոշմանը դեմ և կողմ արտահայտվել կարելի է շատ օրինակներով: Երբ աշխարհի առաջնությանը մասնակցում են Նոր Զելանդիայի կամ Գաբոնի հավաքականները, իսկ իրավունք չեն ստանում Շվեդիան կամ Խորվաթիան, այդ փաստը նվազեցնում է ֆուտբոլի դիտարժանությունը: Իսկ թիմերի ավելացման հետ մեկտեղ արդեն բարձրանում են բոլորի շանսերը համաշխարհային այդ փառատոնին մասնակցելու համար: Մի՞թե վատ է, որ Եվրոպայի առաջնությանը 24 թիմ մասնակցեց:
Ժամանակն է բոլոր հարցերի պատասխանը տալիս: Կգա 2026 թվականը, այն ժամանակ արդեն լրիվ կբացահայտվեն 48 թիմերով աշխարհի առաջնության դրական ու բացասական կողմերը:
Հ.Գ. Ավելացնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու է 16 թիմ Եվրոպայից, 9,5 թիմ Աֆրիկայից, 8,5 թիմ Ասիայից, 6,5 թիմ Հարավային Ամերիկայից և 6,5 թիմ ԿՈՆԿԱԿԱՖ-ից (կեսով արտահայտվում են անցումային խաղերի մասնակից ֆեդերացիաները): Եվ այս 47 թիմերին միանում է կազմակերպիչ երկրի հավաքականը: