Արմենուհի Մխոյան, Sputnik.
Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության 911 ծառայությունը տոնական օրերին ունեցել է ընդհանուր 2369 զանգ, դրանցից միայն 2–ն է եղել հրդեհի կանչ՝ 1-ը Գյումրիում, մյուսը՝ Աշոցքում: Արձանագրվել է նաև կենցաղային կանչերի 7 դեպք: Այս ընթացքում «փակ դուռ» զանգի հետքերով գնացած փրկարարական վարչության աշխատակիցներն արձանագրել են Գյումրիում 1 դեպք, երբ բնակարանում հայտնաբերվել է մահացած դի, և 1 դժբախտ պատահար էլ Արթիկում, երբ կինը պատահաբար վայր է ընկել 3-րդ հարկի պատշգամբից:
Մարզի փրկարարական ծառայությունը, հանրապետության մյուս մարզերի փրկարարական ծառայությունների նման, 2016 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ն աշխատել է արտակարգ ռեժիմով: Համաքաղաքային տոնական միջոցառումների օրերին հերթապահություն է իրականացվել ինչպես Գյումրիում, այնպես էլ` Արթիկում և Մարալիկում:
«Ի ուրախություն բոլորիս՝ բոլոր միջոցառումներն անցել են առանց միջադեպերի: Մնացած օրերի ընթացքում ծառայությունն իրականացվել է ըստ գրաֆիկի: Այս ընթացքում չենք ունեցել արգելափակված ճանապարհներ ու տրանսպորտային միջոցներ»,- նշում է ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փրկարարները նաև կեղծ ահազանգեր չեն ունեցել:
Գյումրու «Շտապ բուժօգնության» կայանը ևս հանգիստ է աշխատել՝ դեկտեմբերի 31-ի կեսգիշերին նույնիսկ աշխատակիցներով հասցրել են միմյանց շնորհավորել: Թեև ըստ կարգի տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով՝ նախատեսված 4 բրիգադի փոխարեն, այդ օրերին աշխատել է 5 բրիգադ, սակայն կանչերի թվի աճ չի նկատվել՝ դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 9 ընկած հատվածում գրանցվել է միջինը 80-90 կանչ, և միայն մեկ օր 100 կանչ է արձանագրվել:
Խոսելով սննդային թունավորման դեպքերի բացակայության մասին՝ կայանի գլխավոր բուժքույր Հռիփսիմե Մելիքսեթյանը նշում է, որ տարեցտարի այդ դեպքերի թիվը նվազում է, իսկ այս տարի ընդհանրապես նման բողոքով ահազանգ կայանը չի ստացել: Ըստ նրա` մարդիկ ավելի գիտակցաբար են մոտենում խնդրին:
«Ժողովուրդն արդեն տեղյակ է սնունդն ինչպես պահել, ինչպես գործածել և ամենակարևորը քանի օրից հետո չօգտագործել: Այս օրերի ընթացքում քիչ են եղել նաև կենցաղային դեպքերը՝ կոտրվածք, սալջարդ և այլն»,- նշեց Հռիփսիմե Մելիքսեթյանը:
Ալկոհոլային թունավորման դեպքեր ևս չեն գրանցվել:
«Ամեն ինչ նույնն էր, ինչ աշխատանքային օրերին, միակ տարբերություն այն էր, որ ինձ թվում էր, թե «խոպան» եմ եկել 1 տարով. 2016 թվականին աշխատանքի եկա, 2017-ին հերթապահությունս ավարտեցի ու տուն գնացի»,- նշում է կայանի կարգավորիչ Կատյա Գալստյանը:
Աշխատանքային առաջին օրը Գյումրու բժշկական կենտրոնում ակտիվ եռուզեռ էր` ի տարբերություն տոնական օրերի. այս ընթացքում կենտրոնը ևս աշխատել է նորմալ աշխատանքային ռեժիմով՝ բոլոր բաժանմունքներում հերթապահության գրաֆիկով:
Այս օրերի ընթացքում մարզային նշանակության բուժհաստատությունը սպասարկել է 214 հիվանդի ՝ ամբուլատոր կարգով: Նոր տարում կենտրոնն ընդունել է 115 հիվանդի:
Շիրակի մարզում հունվարի 8 օրերի ընթացքում ծնվել է 67 երեխա: Նորածիններից 2-ը երկվորյակներ են: Լույս աշխարհ եկած երեխաներից 34-ը տղա են, 33-ը` աղջիկ։ Այս մասին տեղեկացրեց Շիրակ մարզպետարանի առողջապահության վարչության, առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը՝ հույս հայտնելով, որ տարին ծնունդների առումով լավը կլինի. 2016 թվականը այդ առումով գոհացնող չէր՝ 2015 թվականի համեմատ ծնունդների թիվը նվազել էր՝ 2016 թվականին մարզում գրանցվել է 3404 ծնունդ ՝ 2015 թվականի 3671-ի դիմաց:
Մարզում, ընդհանուր առմամբ, ինֆեկցիոն վիճակը նույնպես նորմալ է: Հուսանք` հանրապետության ամենահոգսաշատ մարզերից մեկը` Շիրակը, տարին ինչպես սկսեց, այնպես էլ կավարտի: