«Հրապարակ». Քաղաքական էլիտան Ամանորն անցկացրել է դրսում
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական էլիտան Ամանորն անցկացրել է դրսում: Դուբայում է եղել ԲՀԿ վերնախավը։ Երբեմնի կուսմրցակիցներ Մանուկյան Աբոն և Նաիրա Զոհրաբյանը Շարժայում արևահարվել են՝ «ոտուգլուխ»: Հովիկ Արգամիչն եղել է Բեռլինում:
Սերժ Սարգսյանը հունվարի 3-ին մեկնել է Ծաղկաձոր, 4-ին` իր ֆինանսական «հովանավոր» Քլոսի՝ Աշոտ Արսենյանի ուղեկցությամբ` Բադեն-Բադեն: Ոմանց ասելով` բուժզննումների, մյուսների կարծիքով` խաղալու-լիցքաթափվելու: Եվ առաջին անգամ իր պաշտոնավարումից ի վեր` չմասնակցելով սբ Սարգիսում` Ճրագալույցի և Մայր տաճարում` Պատարագի արարողություններին:
Միակ մարդը, որ երկրից դուրս չի եկել վարչապետն է»:
«Հայկական ժամանակ». Վրաստանը և «Գազպրոմը» համաձայնության չեն գալիս
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարել է, թե Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցելու շուրջ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ բանակցությունները արդյունք չեն տվել: Սա ուշագրավ իրավիճակ է ստեղծում:
Խնդիրն այն է, որ անցած տարեվերջին, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սպառողներին մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու հայտով, այդ նախաձեռնությունը հիմնավորվեց նաև նրանով, որ ՀՀ սահմանի վրա ռուսական գազի գինը նվազելու է: Եվ այդ նվազումն էլ լինելու է Վրաստանի տարածքով այդ գազի տարանցման գնի նվազման հաշվին: Բայց Վրաստանի էներգետիկայի նախարարի հայտարարությունը փաստում է, որ նման հեռանկարը բավականին մշուշոտ է:
Մինչ օրս Վրաստանը ռուսական գազը Հայաստան տարանցելու համար ստանում էր տարանցվող ծավալի 10 տոկոսը: Ռուսական կողմը առաջարկում է վճարման այլ սխեմա, որի արդյունքում Վրաստանը ավելի քիչ օգուտ կստանա: Վրացական կողմն էլ առնվազն այս պահին չի համաձայնում այդ պայմաններին: Բանակցությունները դեռ շարունակվում են:
«Հայկական ժամանակ». Սուրիկ Խաչատրյանի եղբորը գործ են տվել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն: Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, նշելով որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին:
Երևան ՋԷԿ-ի արդեն նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, ըստ պաշտոնական մեկնաբանության, ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Նշենք, որ Սասուն Խաչատրյանը «Խաչատրյան եղբայրներ» ընկերության համահիմնադիրն է: Մյուս համահիմնադիրը հենց Սուրիկ Խաչատրյանն է: Այս ընկերությունը վայելում է իշխանությունների հովանավորությունը: Մասնավորապես, այս տարվա հունիսին «Խաչատրյան եղբայրներ» ընկերությունը, որն իր հիդրոէլեկտրակայանի կառուցման համար սարքավորումներ պետք է ներկրեր արտասահմանից և սահմանի վրա վճարեր մոտ 200 հազար դոլար, կառավարությունից ստացավ այդ հարկը երեք տարով հետաձգելու արտոնություն: Բացի այդ, կառավարությունը սույն ընկերությանն ազատեց սահմանի վրա այդ սարքավորումների ներկրումից վճարելիք մաքսատուրքից, որի ընդհանուր գումարը կազմում էր մոտ 50 միլիոն դրամ:
Թե ինչու է Հայաստանի խոշորագույն էլեկտրակայաններից մեկի տնօրենի պաշտոնում նշանակվել հատկապես Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի եղբայրը, մնում է կռահել:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 3-ին Լիսկան ազատվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից»:
«Ժամանակ». ՀՀԿ կանայք դեմ են Արփինե Հովհաննիսյանին
«Ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀԿ խորհրդի առաջիա նիստում, որը կկայանա Սերժ Սարգսյանի հունվարի 13-ին արձակուրդից վերադառնալուց հետո, ըստ էության, կուրվագծվի ՀՀԿ ցուցակի նախնական պատկերը:
Ի դեպ, հենց այս նիստից հետո ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
ՀՀԿ կանայք դեմ են, որ տակավին նորաթուխ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն: Ի դեպ, Հանրապետականի ներսում անցկացված հարցումներով էլ ամենաբարձր վարկանիշն ունի հենց Արփինե Հովհաննիսյանը:
Բացի դրանից՝ Արփինե Հովհաննիսյանը վայելում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորությունը: Հենց նրա պնդմամբ՝ ցուցակի առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը:
«Փաստ». «Բանանի արքա» Միհրան Պողոսյանի «աճպարարությունը»
Բանանի շուկայի ազատականացման շուրջ վերջին ամիսներին տարվող լայն քարոզը, պարզվում է, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ, ըստ «Փաստի» տեղեկությունների, բանանի մենաշնորհին տիրապետող գեներալ Միհրան Պողոսյանը հասցրել է գրանցել մի քանի, այսպես կոչված, ֆեյք-ընկերություններ, որոնք նույնպես զբաղված են բանանի ներկրմամբ:
Նավով Վրաստան հասած, Միհրան Պողոսյանին պատկանող ահռելի քանակի բանանը իր և իրեն պատկանող այս ֆեյք-ընկերությունների ավտոմեքենաներով տեղափոխվում է Հայաստան:
Եվ տպավորություն է ստեղծվում, թե բանան են ներկրում բազմաթիվ ընկերություններ: Իսկ իրականում այդ ողջ խմբաքանակը «հանգրվանում է» Պողոսյանի բանանի պահեստներում:
Իհարկե, որոշ ընկերություններ իսկապես բանան են ներկրում:
Բայց հիմնականում Միհրան Պողոսյանը, իր ֆեյք-ընկերությունների շնորհիվ, շարունակում է իշխող դեր խաղալ այս գործում:
Քանի դեռ մենաշնորհների հարցը ֆեյք-ընկերություններն են լուծում, ապա մեր տնտեսությունն էլ «ֆեյք-տնտեսություն» կմնա: