ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Գրիգորյանն ավելի հայտնի է կանանց ֆուտբոլում տարած աշխատանքով: Տալյատիի «Լադայի» հետ նա մի քանի անգամ նվաճել է Ռուսաստանի գավաթը, ձեռք բերել հեղինակավոր Italy Womens Cup մրցանակ, թիմի հետ հաղթել Ռուսաստանի առաջնությունում, հաղորդում է Մախաչկալայի ակումբի պաշտոնական կայքը: 2009թ-ին Գրիգորյանը վերադարձել է տղամարդկանց ֆուտբոլ և սկսել է կարիերան՝ գլխավորելով Ֆուտբոլային ազգային լիգայի «Նիժնի Նովգորոդ» թիմը:
Հետագայում Գրիգորյանը եղել է «Խիմկի», «ՍԿԱ-Էներգիա», «Լուչ-Էներգիա», «Տոսնո» թիմերի մարզիչը: Մինչև «Անժի» տեղափոխվելը՝ Գրիգորյանը եղել է «ՍԿԱ-Խաբարովսկ» թիմի գլխավոր մարզիչը, որի հետ հասել է Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակիչ՝ 1:0 հաշվով հաղթելով Մոսկվայի «Սպարտակին»:
Ներկա խաղաշրջանի արդյունքներով՝ Խաբարովսկի ֆուտբոլիստները զբաղեցնում են երրորդ տեղը:
«Ես սպասում էի այս հնարավորությանը, 20 տարվա համառ աշխատանքի արդյունքում եմ հասել սրան: Չեմ պատրաստվում ինչ-որ բան մեկնաբանել և քննարկել: Դուք ինքներդ ամեն ինչ կտեսնեք առաջնության ընթացքում», — ասել է «Անժիի» նոր գլխավոր մարզիչը «Սպորտ-Էքսպրեսին» տված հարցազրույցում:
Ալեքսանդր Գրիգորյանը դարձել է ռուսական պրեմիեր լիգայի առաջին հայ մարզիչը, եթե, իհարկե, հաշվի չառնենք Պողոս Գրիգորյանին, որը եղել է Կրասնոդարի « Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը:
Նյութի ռուսերեն տարբերակը