«Հայկական ժամանակ». Առաջադրվելու ցանկություն ունեցող պատգամավորները
Թերթը գրում է, որ 2017 թ. խորհրդարանական ընտրություններում Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքից ռեյտինգային կարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու ցանկություն ունեն պատգամավոր Մնացական Մնացականյանը և նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:
Թերթը հիշեցնում է, որ Մնացական Մնացականյանն այդ ընտրատարածքից 2012թ. է մեծամասնական ընտրակարգով դարձել պատգամավոր, Խաչիկ Մանուկյանը՝ 2007-ին: Նրանք երկուսն էլ ծնունդով այդ տարածաշրջանից են: Նշված ընտրատարածքն ընդգրկում է Թալինն ու հարակից գյուղերը և Աշտարակի մի մասը:
Մնացականյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է, որ դարձյալ ընտրվելու ցանկություն ունի:
«Չորրորդ իշխանություն». Մրցավազքը սկսվել է
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու մրցավազքը սկսվել է»: Թերթի տեղեկություններով՝ այս օրերին Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ անդադար հանդիպումների մեջ են ռեյտինգայինների պոտենցիալ թեկնածուների հետ:
«Օրինակ, Սերժ Սարգսյանի պատանեկության ընկեր, հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, այս օրերին զբաղված է ինտենսիվ հանդիպումներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա ռեյտինգայիններում ընդգրկվելու յուրայինների ցուցակ ունի, որտեղ եղած անձանց օգտին լոբբինգ է անում Սերժ Սարգսյանին: Զուգահեռաբար, ՌԴ-ում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, Սերժ Սարգսյանի հորդորով հանդիպում է այն «ոչ ցանկալի օլիգարխների» հետ, որոնց համոզում է հրաժարվել պատգամավոր դառնալու մտքից և սեփական անձի փոխարեն ԱԺ գործուղել ներկայացուցիչ:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը չի ցանկանում «նեղացնել» տարիներ շարունակ իրեն ծառայած օլիգարխներին, ուստի բացատրական աշխատանքների ծանր բեռն առայժմ դրված է Կալուգայի Սամոյի ուսերին»,- գրում է թերթը:
«Ժամանակ». Նախընտրական տոպրակներն արդեն բաժանում են
Թերթը գրում է` Շիրակի մարզում արդեն նախընտրական տոպրակներ են բաժանում:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Շիրակի մարզից մեծամասնականով ընտրված Արման Սահակյանը մարզի փոքրիկներին տոպրակներ է բաժանում: «Արդեն բաժանվել են Արթիկում, Գյումրի քաղաքում: Մարդկանց մի մասն էլ սպասում է, թե Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ինչով աչքի կընկնի, քանի որ գրեթե ակնհայտ է, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով հենց նրանք են առաջադրվելու»,- գրում է թերթը:
Նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը հայտնվել է բավական ոչ նախանձելի վիճակում: Նա չէր բացառում, որ ՀՀԿ ցուցակով կառաջադրվի, բայց «Ժամանակ»-ի մեկնաբանությամբ, ՀՀԿ-ն նրան չի վստահելու այս տարածաշրջանը:
«Ժողովուրդ». ՊՈԱԿ-ն արդեն նոր տնօրեն ունի
Թերթի տեղեկություններով` հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստմամբ զբաղբվող «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ն արդեն նոր տնօրեն ունի` ի դեմս ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանի:
«Վերջինս փոխարինել է Մհեր Սահակյանին: Լ. Բարխուդարյանն այն նախարարն էր, որը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից պատասխանում էր պատգամավոր Ֆրունզե Խառատյանի հարցին, երբ ներս խուժեց ոճրագործ Նաիրի Հունանյանը` իր հանցախմբի հետ, ու կրակ բացեց վարչապետ Վազգեն Սարգսյանի, ապա մյուս պաշտոնյաների ու պատգամավորների ուղղությամբ: Բարխուդարյանը կրակահերթերի ժամանակ հասցրեց պառկել ԱԺ դահլիճի՝ քարտուղարության աշխատողներին հատկացված անկյունում և այդտեղից հետևեց ոճրագործության ընթացքին»,- գրում է թերթը:
«Փաստ». Նոր վարկ` նախորդը փակելու համար
«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի տարի է` շատ գյուղացիական տնտեսություններ չեն կարողանում իրենց վարկային պարտավորությունները կատարել և կանգնած են ողջ ունեցվածքը կորցնելու վտանգի առջև: Կան նույնիսկ այնպիսիք, ովքեր նախորդ վարկը փակելու համար նոր վարկ են վերցրել և ավելի խճճվել վարկային թնջուկի մեջ:
«Խաչիկ գյուղի ողջ բնակիչներն իրենց ունեցվածքը գրավադրել են բանկում և այդ գումարները տվել են իրենց համագյուղացուն, որպեսզի նա իր խանութն աշխատեցնի:
«Ընդհանուր պարտքը, որ վերցրել ու տվել են Մնացականյան Արսեն, Իսկանդարյան Ալվարդ ամուսիններին մոտ 80 մլն դրամ է կազմում: Նրանք խանութի տերերն են ու տարիներ շարունակ ժողովրդից գումարներ են վերցրել, օգտագործել, տոկոսները փակել, սակայն 2015 թ.-ին չկարողացան պարտքերը փակել և ողջ գյուղը հայտնվեց այդ վիճակի մեջ: Մեր կարծիքով մեզ համար միակ ցանկալի լուծումն այն կլինի, որ այդ պարտքը փոխանցվի նրանց անունով, որից հետո էլ իրենք ու իրենց ժառանգները տարիներ շարունակ վճարեն այն»,-թերթին հայտնել է գյուղապետը:
Ըստ գյուղապետի, խնդրին տեղյակ է նաև երկրի ղեկավարը և հանձնարարել է հարցն ուսումնասիրել, սակայն արդեն յոթ ամիս է որևէ արձագանք չկա:
«Հարուցված է նաև քրեական գործ, քննություն է ընթանում, սակայն փաստաթղթերն այնպես է ձևակերպված եղել, որ այսօր ժողովուրդը չի կարողանում ապացուցել իր անմեղությունը: Ու չնայած իրական պարտատերերը պարտավորագիր են տվել գյուղացիներին, բայց կարծես թե դրան առանձնապես ուշադրություն չի դարձվում և այսօր մարդիկ կանգնած են վտանգի առջև: Ովքեր աշխատում են, նրանց հաշիվների վրա կալանք է դրված և մարդիկ արդեն մտածում են աշխատանքից ազատվելու և գյուղը լքելու մասին»,- գրում է թերթը: