ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի-Sputnik. Նախագահ Սարգսյանն ու առաջին տիկինը շնորհավորեցին երեխաներին ու մաղթեցին լավ սովորել։ Նախագահը վստահություն հայտնեց, որ ներկաներից շատերը հետագայում էլ գալու են Բաղրամյան 26 ոչ միայն Ամանորի կապակցությամբ, այլև մրցանակներ ստանալու համար։
«Մի խնդրանք ունեմ ձեզ, ուզում եմ, որ հունվարի մեկի առավոտյան, երբ արթնանաք, մոտենաք ձեր ծնողներին և իմ անունից շնորհակալություն հայտնեք իրենց` ձեզ լավ քաղաքացի դաստիարակելու համար, շնորհավորեք նրանց Նոր տարվա կապակցությամբ և խոստանաք, որ շատ բան եք սովորելու, որովհետև լավ սովորելը երեխաների համար ամենից լավ բանն է»,-ասաց հանրապետության ղեկավարը
Երեխաները խանդավառությամբ պատասխանեցին ՀՀ նախագահի կոչին։
Բարեմաղթանքներից հետո, երբ Սերժ Սարգսյանը մոտեցավ երեխաներին, նրան ողջագուրվեց մի փոքրիկ, ում հայրը վիրավորվել էր ՊՊԾ գնդի գրավման օրը, հետո` զոհվել։ Փոքրիկը նախագահից ուզում էր սմարթֆոն խնդրել, հետո երկմտեց, վազեց նրա հետևից, իսկ երբ վերջինը ժպիտով նայեց նրան, փոքրիկ Մհերը բարևեց ու ամոթխած վերադարձավ` մեծ ցանկությունը մտքում պահած։
«Առաջին անգամ էինք մասնակցում նման մեծ միջոցառման, կարևորը նա ուրախացավ»,-նշեց Մհերի մայրը։
Փոքրիկներից մեկն էլ հանրապետության նախագահի հետ հանդիպման էր եկել զինվորական համազգեստով։
«Իմ եղբայրը գնաց բանակ, ու սիրեցի այս համազգեստը։ Ես նրան ասացի, նա էլ ինձ խրախուսեց»,-ժպիտով պատմեց աղջնակը։
Նրան միացավ ընկերուհին` հայտնելով, որ իր համար էլ հայրենասիրություն է հոր քայլը` տարին 12 ամիս պատուհանից կախված է հայկական եռագույնը։
«Որ բոլորը տեսնեն, թե ինչ լավ բան է հայրենիքը»,-պատմեց նա։
Տոնախմբության մասնակիցների մեծ մասը գիտեն, թե ինչ է հայրենասիրությունը, ծանոթ են` անձնվեր պապերի ու հայրերի օրինակով։