ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի համար գոյություն ունի երեք առաջնորդող փաստաթուղթ` Սահմանադրությունը, Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը, ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը:
«Այդ հուշագիրը նախատեսում է զարգացում բոլոր ոլորտներում»,-նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է իր ղեկավարած ոլորտին, նախարարն ասաց, որ գերատեսչությունը 2016-ին կատարել է կառավարության գործունության ծրագրով նախատեսված բոլոր 6 միջոցառումները։
Նախարարն ասաց, որ բնապահպանության նախարարության համար 2016 թվականի գերակա ուղղությունները եղել են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառումը և էկոտուրիզմի զարգացումը:
«2016-ին Սևանա լճում բաց է թողնվել 920,700 հատ իշխան ձուկ։ Սևանա լճի ջրի մակարդակը ներկա պահին կազմում է 1900 մետր 40 սանտիմետր, որն ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 30 սանտիմետրով»,-ասաց նա:
Անդրադառնալով Ամուլսարի վերաբերյալ լրագրողների հարցադրմանը՝ նախարարն ասաց, որ Ամուլսարի շահագործման հետ կապված բոլոր գործընթացներն իրականացվել են փորձաքննություների հիման վրա, հետևաբար տրվել է դրական եզրակացություն:
Նախարարը չմոռացավ նշել, որ ինքը Սահմանադրությունն ընդունող և օրենք հարգող մարդ է։ Նա անընդունելի է համարում անընդհատ խոսել մի թեմայի մասին առանց իրավական հիմքերի վերանայված փաթեթին ուշադրություն դարձնելու։
Մինասյանը խոսեց նաև խորհրդարանական առաջիկա ընտրությունների մասին։
«Լինելով քաղաքական պաշտոնում նշանակված անձ և ՀՅԴ անդամ՝ ես ակտիվորեն ոչ միայն պետք է մասնակցեմ առաջիկա ընտրություններին, այլև պետք է առաջ տանեմ իմ կուսակցության գաղափարները»,- ասաց նա:
Նա վստահեցրեց` ամեն ինչ անելու է, որ ընտրողները տեսնեն` այն, ինչ հայտարարում է Դաշնակցությունը, չի մնում թղթի վրա։