168 ժամ. «Բենզինի գինը նվազել է»
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրականացրած դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ բենզինի մանրածախ վաճառքի գները 2016 թվականի դեկտեմբերից շարունակաբար նվազում են։
«ՏՄՊՊՀ-ի տրամադրած տվյալների համաձայն` վերջին գնային փոփոխությունն արձանագրվել է դեկտեմբերի կեսերին, երբ բենզինի մանրածախ գները նվազել են ևս 20 դրամով։ Եթե 2016 թվականի սեպտեմբերին բենզինի մանրածախ գինը կազմում էր 380 դրամ, ապա ներկայում այն կազմում է 330 դրամ։
Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնային այսպիսի նվազումը մեծապես պայմանավորված է մրցակցության խորացմամբ։ Մասնավորապես, ըստ հանձնաժողովի տվյալների, ոլորտում հայտնվել է նոր ընկերություն, որը սկսել է ավելի ցածր գներով բենզինի ներմուծումներ իրականացնել, ինչն անդրադարձել է իրացման վերջնական գնի վրա»,-գրում է թերթը։
Հայոց աշխարհ. «Ինչի՞ց են դժգոհում»
Թերթն ադրադարձել է GALLUP International association-I ամենամյա հետազոտության շրջանակում անցկացված հարցմանը, որով փորձել են պարզել Երևանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրները։
«Հարցման մասնակիցների 24.6 տոկոսը նշել է հասարակական տրանսպորտի խնդիրները։ 10.8 տոկոսը դժգոհ է կոմունալ ծառայությունների վարձերից, 9.8 տոկոսը` բնապահպանական վիճակից, 8.3 տոկոսը` աղբահանությունից, 7.3 տոկոսը` ապօրինի շինարարությունից»,-մեջբերում է թերթը։
Հայկական ժամանակ. «Պետք է Սերժ Սարգսյանից հարցնել»
ԼՂՀ ակառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանն այս ընթացքում Սերժ Սարգսյանից ոչ մի անգամ չի հետաքրքրվել` ինչու նախապես խոստացածի նման վերջինս չի դառնում Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը` վերջ դնելով օդանավակայանի գործարկման վերաբերյալ հարցադրումներին։
««Սերժ Սարգսյանն ինքն է որոշում` թռչի, թե՞ չթռչի։ Դա պետք է նրանից հարցնել, ես քաղաքականությունից հեռու մարդ եմ,-նշեց զրուցակիցը` վստահություն հայտնելով, որ թռիչքները չեն կայանում և 2017 թվականին դժվար էլ կայանան,- դեռ տարիներ առաջ Ֆրանսիայից ու ՌԴ-ից մի շարք ավիաընկերություններ հետաքրքրված էին Ստեփանակերտից թռիչքներ իրականացնելու գաղափարով։ Ֆրանսիայից Արցախ ժամանած 3 սենատորների տարիներ առաջ հարցրի` ինչպես կարող են բարձրաձայնել իրենց իսկ մատնանշած մարդու իրավունքների, այդ թվում` ազատ տեղաշարժի իրավունքի խախտման մասին։ Նրանք խոստացան Սենատում բարձրաձայնել այս հարցը»,-ասաց Ադբաշյանը»։
Ժամանակ. «Անբարոյական»
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահից հետո այդ պաշտոնում երեք թեկնածուի` Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, ԱԻՆ–ի Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի անուններն են շրջանառվում։
«Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք նրան այդպիսի առաջարկ եղել է։ Հարցին մարզպետն արձագանքել է. «Ես երբեք նման բան չեմ ասել, բայց խնդրում եմ` այս պահին այդ կարգի անբարոյական հարցեր մի տվեք»»,–գրում է թերթը։