ն
«Գրադ» համակարգը զարկում էր Կրասնոսելսկի ուղղությամբ: Կրակում էր թիրախավորված: Սևանի հյուսիսում գտնվող մեծ քաղաքը բարձունքից նրանց լավ էր երևում: Կրակում էին հենց քաղաքում տեղաշարժվող ավտոմեքենաներին: Իսկ քանի որ քաղաքը գնդակոծության տակ էր մնացել, փողոցում միայն մեկ բանակային «ուազիկ» էր տեղաշարժվում, որտեղ մենք էինք` լրագրողներս ու դիվանագետները: Մենք մի կերպ տեղավորվեցինք հետևում, իսկ առջևի նստարանին նստեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Ստուպիշինը: Այդ պատճառով կրակում էին հենց մեզ վրա:
Միայն մի բանում բախտներս բերեց, որ վարորդը փորձառու էր, վառոդի հոտն առած: Դրա համար «Գրադի» արկերը ընկնում էին մեքենայի տեղում, այն պահին, երբ նա հեռանում էր այդտեղից: Սակայն կես ժամ անց վարորդն այլևս չէր թաքցնում, որ մենք մահվան հետ ենք խաղում, և հաջորդ արկը կարող է վերջինը լինել:
Այդ ժամանակ մենք դուրս եկանք ավտոմեքենայից, և մտանք հինգ հարկանի շենքի նկուղը, որտեղ գնդակոծությունից թաքնվում էին մոլոկանների ընտանիքները: Այն ժամանակ Կրասնոսելսկում շատ մոլոկաններ էին ապրում: Նրանց մոտ էլ հենց գնում էր ռուս դեսպանը՝ աջակցելու և անձամբ համոզվելու, թե ինչ դժվար ռազմական պայմաններում են նրանք ապրում:
Ավելի ուշ պարզվեց, որ կրակոցը կանոնավորող անձինք ֆիքսել են մեր մտած շքամուտքը. մենք հայտնվեցինք ծուղակում, քանի որ մի թեթև շարժմանն էլ արձագանքում էր «Գրադի» արկը:
Մեզ ոչինչ չէր մնում, քան սպասել մութն ընկնելուն: Այնտեղ էլ` հենց նկուղում, մենք ձայնագրեցինք հարցազրույց դեսպանի հետ՝ РТР հեռուստաալիքի (Դմիտրի Պիսարենկո) և «Голос Армении» թերթի (ձեր խոնարհ ծառան) համար: Հարցազրույցը շատ սուր եղավ, դիվանագետին ոչ բնորոշ: Դե հասկանալի էր. մեզ հետ միասին նկուղում փոքր երեխաների հետ խաղաղ բնակիչներ էին կրակից թաքնվում:
Հինգ հարկանի շենքին մենք մոտեցանք, երբ արդեն լրիվ մթնել էր, և «ուազիկը»՝ անջատած լույսերով, հասանելի չէր սարի գագաթին նստած կրակողներին: Միայն այդպես մեզ հաջողվեց կենդանի մնալ:
Երևան վերադարձանք ուշ երեկոյան, դեսպանը կարգադրեց մեզ հետ ՄԻ-8-ով տանել երկու վիրավոր զինվորի: Մեկնեցինք` փորձելով ամբողջ ճանապարհին պայքարել ծանր վնասվածք ստացած զինվորնների կյանքի համար, ովքեր անդադար խմել էին ուզում: Իսկ դա կտրականապես արգելվում էր: Մեկին տեղ չհասցրեցինք… Նա մահացավ, երբ արդեն Երևանը մեր տեսադաշտում էր, հենց ոտքերի տակ: Նա մահացավ վայրէջքից հինգ րոպե առաջ` ձեռքերիս վրա:
93 թվականի ձմեռն էր, այն ժամանակ ես 25 տարեկան էի: Բոլորովին երիտասարդ:
Վայրէջքից հետո ես դուրս թռչեցի ուղղաթիռից, վազեցի հետևի կանգնակի մոտ, գրկեցի անիվն ու սկսեցի հեծկլտալ: Ձեռքերիս վրա իմ տարիքի երիտասարդ էր մահացել, հայկական բանակի սպա:
Վլադիմիր Պետրովիչը մոտեցավ, հետևից գրկեց ինձ և ասաց. «Արման, պինդ եղիր, տղա՛: Գիտե՛մ, դժվար է, սակայն պետք է անցնել պատերազմը` հաղթելու համար»:
Վլադիմիր Պետրովիչն, իսկապես, հայերի և Հայաստանի մեծ բարեկամն էր: Նա եղավ դեսպան ամենադժվար ժամանակահատվածում՝ 1992-1994 թվականներին: Երբ նրան գործուղեցին Հայաստան, մեզ թվում էր՝ Ռուսաստանի գլոբալ միջազգային քաղաքականության մեջ լուրջ, այդքան անհրաժեշտ փոփոխություններ տեղի կունենան: Իրականում ոչինչ էլ չեղավ:
Ինքը` Ստուպիշինը, բոլորից լավ էր հասկանում, որ այն օրերի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ անթույլատրելի ու սխալ էր: Ճիշտ է, նա անձամբ իրավիճակն ուղղելու համար փորձում էր անել ամեն բան:
Այն օրերի իրավիճակը հասկանալու համար բավական է միայն կարդալ դեսպանի «Իմ առաքելությունը Հայաստանում» գրքից մի երկու տող: Այնտեղ ամեն ինչ ասված է.
«… Երևանում այդ ժամանակ ակտիվացան մարդիկ, ովքեր միտված էին, որ Ռուսաստանի հետ կապերը վերականգնվեն ու ամրապնդվեն:
Մամուլում հոդվածներ հայտնվեցին, որոնցում հույս էին հայտնում, որ Հայդարի և Բուրբուլիսի պաշտոնանկությունից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կդադարի «քարշ գալ» ԱՄՆ-ի ազդեցության տակ և ավելի շատ կհետևի Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին (մոռացել էին, որ կառավարությունում մնացել էր Կոզիրևը, որին այդ շահերը չէին հետաքրքրում)»:
Ի դեպ, «Голосе Армении» թերթում հրապարակած իմ հոդվածները հենց այս շարքից էին:
Մենք դիմացանք, և հաղթեցինք: Դրանում իր մեծ ներդրումն ունի նաև Վլադիմիր Պետրովիչը, ով անկեղծորեն ու ամբողջ հոգով սիրում էր Հայաստանն ու հայերին
Նյութի ռուսերեն տարբերակը