ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 31-ին Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը դուրս էին եկել Սևան լիճ ձկնորսության և կորել։ Օրեր շարունակվող որոնողական աշխատանքների արդյունքում, նոյեմբերի 9-ին հնարավոր եղավ Սևանա լճում, ափից 13 կմ հեռավորության և 31 մ խորության վրա հայտնաբերվել ձկնորսներից մեկի՝ 1992 թ. ծնված Արևշատ Առաքելյանի դին: Մյուս ձկնորսին գտնելու որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը`դեկտեմբերի 7-ին, ժամը 10.37-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում կորած Ա. Կ.-ի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքները վերսկսվել են, բայց ժամը 15.30-ին, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, դադարեցվել:
Դեկտեմբերի 9-ին փրկարարները փորձել են շարունակել որոնողական աշխատանքները, բայց եղանակը կրկին խանգարել է։
Դեկտեմբերի 23-ին, որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ժամը 11.30-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: