«Հայկական ժամանակ». ՀՀԿ խորհրդի նիստը Ձմեռ պապով չի պայմանավորված
Այսօր դարձյալ ՀՀԿ խորհրդի երկար սպասված նիստը չի հրավիրվի: Հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Կգումարվի միայն ամենշաբաթյա ՀՀԿ ԳՄ նիստը: Այս մասին թերթին հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը, ով նշել է, թե ՀՀԿ խորհրդի նիստը կգումարվի միայն խորհրդի կազմի վերջնական ձևավորումից հետ:
Թերթը հիշեցնում է, որ անցած շաբաթ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե մինչև տարեվերջ խորհրդի նիստ կհրավիրվի: Սակայն Ռուբեն Թադևոսյանը թերթի հետ զրույցում չի բացառել, որ նիստը գումարվի հաջորդ տարեսկզբին:
«Մեր գրաֆիկը հո Նոր տարու Ձմեռ պապո՞վ չի պայմանավորված»,- ասել է նա:
«Իսկ ՀՀԿ խորհրդի նիստի ինտրիգը Սերժ Սարգսյանի կուսակցական տեղակալների հարցն է: Արդեն հայտնի է, որ առաջին տեղակալը լինելու է վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս դեպքում թերևս ինտրիգը կարող է լինել Հովիկ Աբրահամյանի հարցը: Հնարավո՞ր է հրաժարականից հետո նա այլևս ՀՀԿ փոխնախագահ չդառնա, հատկապես որ ԳՄ վերջին նիստին չի մասնակցել»,-գրում է թերթը:
«Հրապարակ». Հետտոնական պաշտոնանկություն
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` իշխանությունը որոշել է Ամանորից հետո թոշակի ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին: Ըստ թերթի, նրան այդ պաշտոնում կփոխարինի տեղակալը՝ Վահագն Հարությունյանը, որը «Հրապարակ»-ի բնորոշմամբ, «վաղուց է սպասում մարտի 1-ը «հորով-մորով» անելու դիմաց իր պարգևատրմանը»:
«Չնայած այդ պաշտոնի թեկնածուները բավականին շատ էին, տրվում էր նաև ՊԵԿ նախկին ղեկավար, նախագահի վերահսկողության նախկին պետ Հովիկ Հովսեփյանի անունը: Սակայն մարտի 1-ը Վահագն Հարությունյանի միակ «հմայքը» չէ, նա ռուսաստանյան «Մոնարխ» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Համբարձումյանի քրոջ որդու մանկության ընկերն է, ասել է թե` Հարությունյանի թիկունքը նույնքան պինդ է, որքան պինդ էր Գառնիկիչի թիկունքը ՌԴ դատախազ Յուրի Չայկայով»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Հայկական ժամանակ». Ճոխ վերանորոգում` պաշտոնանկության շեմին
Թերթը գրում է, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը իր պաշտոնանկությունից առաջ նախարարության շենքը բավականին շքեղ վերանորոգել էր՝ սկսած փայտե որակյալ մանրահատակից, թանկարժեք դռներից, վարագույրներից, վերջացրած կահույքով:
«Ընդ որում, այդ շքեղ վերանորոգումը նախատեսվել ու կատարվել էր այն ժամանակ, երբ Հայաստանում մոլեգնում էր տնտեսական ճգնաժամը: Ֆիննախից ի պատասխան մեր այդ հարցմանն՝ ասել էին, որ վերանորոգման վրա ծախսվել է 698 մլն դրամ կամ մոտ 1,5 մլն դոլար»,- գրում է թերթը
Ըստ Ֆինանսների նախարարությունից ստացած տեղեկությունների` նախարարությունը զբաղեցնում է մոտ 5 հազար 600 քմ տարածք: Ուստի թերթի հաշվարկով, շենքի 1 քմ վերանորոգման համար ծախսվել է 124 հազար դրամ:
«Փաստ». Ներսիկը փողը չի տվել
Թերթի տեղեկություններով` Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, այժմ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանի գործերը վատացել են, այն բանից հետո, երբ նա փակեց իր «Մոսկվիչկա» խանութների ցանցը: Դրանից հետ գեներալը տարբեր բանկերից խոշոր գումարներ է վերցրել:
«Փաստ»-ը նաև գրում է, որ Նազարյանի ընտանիքի անդամների՝ կնոջ, դստեր և որդու անուններով «Առէքսիմբանկից» 200 հազարական դոլար վարկ են վերցրել` գրավ դնելով իրենց երեք ՍՊԸ-ների գույքը:
«Մեր տվյալներով` այդ 600 հազար դոլարից գեներալ Ներսիկ Նազարյանի ընտանիքի անդամները որևէ գրոշ չեն վերադարձրել բանկին: Այժմ «Առէքսիմը» պատրաստվում է աճուրդով վաճառել գեներալի գույքը, սակայն կամուկացի մեջ է»,-գրում է թերթը՝ հավելելով, որ բանկը նման քայլի չի գնում, հատկապես այն լուրերից հետո, որ Ներսիկ Նազարյանն առաջիկայում կարող է նշանակվել Արտակարգ իրավիճակների նախարար:
«Ժամանակ». Պետրոս Ղազարյանի «ակտիվ քայլի» արձագանքները
Թերթն անդրադարձել է «Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանի աշխատանքից ազատելու որոշմանը:
«Պարզվում է, երբ խնդիրը ծագել է, և հարց է բարձրացվել, թե ինչու է դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին եթեր հրավիրել, Պետրոս Ղազարյանն ասել է, որ հեռուստատեսության լրատվական ծրագրերի տնօրեն և Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից անկախ է գործել։ Ծառուկյանը միջամտել է խնդրին, Պետրոս Ղազարյանն ասել է, որ Սերգեյ Դանիելյանին հյուր կանչելը համաձայնեցված է եղել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ՝ Վլադիմիր Հակոբյանի հետ։ Առերեսումից հետո որոշվել է, որ Պետրոս Ղազարյանը չպետք է շարունակի աշխատանքը»,- գրում է թերթը: