ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել իր անցած ուղու մասին և շնորհակալություն հայտնել իրեն հավատալու համար:
«Ես ինձ հպարտ եմ զգում, որ 7-րդ անգամ Հայաստանի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ եմ ճանաչվում: Շնորհակալություն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային, իմ երկրպագուներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին ինձ հավատալու համար»,- գրել է Մխիթարյանը, որը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 7-րդ անգամ (6-րդ անգամ անընդմեջ):
Նա նշել է, որ իր ամբողջ կյանքը նվիրել է ֆուտբոլին և նշանակալի ուղենշի հասել։
«Սակայն դեռ զգում եմ, որ կարող եմ ավելի մեծ պատմություն կերտել իմ ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի համար՝ երկրի, որը քնքշորեն սիրում եմ և որը միշտ իմ մտքում է»,- գրել է Մխիթարյանը։
Ֆուտբոլիստն իր գրառման տակ գրել է. «Սիրով՝ Հենո/Միկի»: