ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատավճռի և բարոյական վնասի քաղհայցի դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ որոշումները:
Նիստը վարող դատավոր Մհեր Արղամանյանը հրապարակեց որոշումները, համաձայն որոնց՝ դատարանը մերժել էր բողոքները:
Վերաքննիչ դատարանը գործը քննում էր տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Արամազդ Կիվիրյանի և Արայիկ Զալյանի բողոքների հիման վրա:
Արամազդ Կիվիրյանը վերաքննիչ բողոքով պահանջում էր բարոյական վնասի քաղհայցի մերժման գործն ուղարկել նոր քննության, իսկ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը բողոք էին ներկայացրել ամբողջ դատավճռի դեմ:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վնասի հատուցման պահանջով քաղհայցը վարույթ չընդունելու մասով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, պատժի կրման վայրը պետք է որոշվի դատական բողոքների քննության ավարտից հետո մեկ ամսյա ժամկետում: Պերմյակովն այժմ գտնվում է ռուսական ռազմաբազայում: