Լիլիթ Հարությունյան, Sputnik.
Հրեղեն աքաղաղը 2017թ-ի խորհրդանիշն է: Այս «պաշտոնում» նա կփոխարինի Կապիկին, որն աշխարհին ավելի շատ վիշտ բերեց, քան ուրախություն: Մոտեցող տարվա վերաբերյալ կանխատեսումները թողնենք աստղագուշակներին, իսկ մենք հիշենք համաշխարհային պատմության առավել նշանակալի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Աքաղաղի տարում:
Հայտնի բան է՝ աքլորները կռվարարներ են, ընդ որում՝ կռվում են մինչև հաղթական ավարտ՝ կտցահարելով հակառակորդին մինչև մահ: Հենց Աքաղաղի տարում ֆրանսիացի սպա Ժորժ Դանտեսը մահացու վիրավորեց մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինին: Ու հենց նույն տարում տեղի ունեցավ մի իրադարձություն, որի շնորհիվ հարուստ էջ բացվեց ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ Մերձավոր Արևելքի արվեստի պատմության մեջ. Կոստանդնուպոլսում ծնվեց հայկական օպերային արվեստի հիմնադիր, Արևելքի երաժշտական պատմության մեջ առաջին օպերայի և օպերետայի հեղինակ, հայկական և մերձարևելյան երաժշտական թատրոնի հիմնադիր, կոմպոզիտոր, դիրիժոր Տիգրան Չուխաջյանը:
Համաշխարհային մասշտաբի կարևորագույն իրադարձություն է նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, որը կրկին Աքաղաղի տարում գրանցվեց: 1945թ-ին ԽՍՀՄ-ը հաղթեց ֆաշիստական Գերմանիային, ու նույն տարում Ադոլֆ Հիտլերը կնոջ՝ Եվա Բրաունի հետ ինքնասպանություն գործեց: Հատկանշական է և ինչ-որ տեղ պարադոքսալ, որ նացիստական շարժումը լուրջ թափ հավաքեց հենց Աքաղաղի տարում. ֆաշիստական կուսակցությունը՝ Մուսոլինիի գլխավորությամբ, Իտալիայում ստեղծվեց 1933թ-ին, հենց այդ ժամանակ Գերմանիայի կանցլեր դարձավ Ադոլֆ Հիտլերը:
Համաշխարհային պատմության իրադարձություններն ընդհանուր առմամբ լիովին հաստատում են աքլորի դյուրաբորբոք և կռվարար բնույթը. 1789թ-ին տեղի է ունեցել ֆրանսիական մեծ հեղափոխությունը, 1825թ-ին՝ դեկաբրիստների ապստամբությունը, իսկ 1993թ-ին՝ Մոսկվայի խռովությունը, որը հայտնի է որպես «Սև հոկտեմբեր» կամ «1993թ-ի Հոկտեմբերյան ընդզվում»:
Հայաստանի համար 1993թ-ը նշանավորվեց ղարաբաղյան պատերազմի ընթացքում Քարվաճառի ազատագրումով, ինչը զգալիորեն բարելավեց հայկական կողմի դրությունը: Նույն տարում տեղի ունեցավ ազգային մշակույթի համար հիրավի ողբերգական իրադարձություն. կյանքից հեռացավ թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը: Հենց այդ տարի վախճանվեց նաև խորհրդային կինոյի մեծ գործիչ Լեոնիդ Գայդայը:
Աքաղաղը կռվարար լինելուց բացի, նաև նոր օրվա խորհրդանիշ է և, հետևաբար, նորի սկիզբ: Դրա վկայությունն են հետևյալ իրադարձությունները. 1957թ-ին մարդը նվաճեց տիեզերքը. «Բայկոնուր» կայանից գործարկվեց Երկրի առաջին արհեստական արբանյակը, որից հետո տիեզերք ուղարկվեցին Բելկան և Ստրելկան: Հեռախոսը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից մարդու կյանքը, գերմանացի գյուտարար Ֆիլիպ Ռեյսը ցուցադրեց Աքաղաղի տարում՝ 1861թ-ին: Եվ այդ տարի գրանցված մեկ այլ իրադարձություն էլ որոշակի առումով փոխեց Ռուսաստանի պատմության ընթացքը՝ Ալեքսանդր 2-րդ չեղյալ հայտարարեց ճորտատիրական իրավունքը:
Նյութի ռուսերեն տարբերակը