Արման Վանեսքեհյան, Sputnik.
Իսկական հայերը հատուկ, այսպես ասած՝ բնորոշ, գիծ ունեն, որն արտահայտվում է այն ամենում, ինչը վերաբերվում է փողին։ «Հեշտ եկավ` հեշտ գնաց» արտահայտությունը հայերը ոչ միայն ասում են, այլև կյանքի են կոչում։ Այլ բան է, որ գումար շատ հազվադեպ է գալիս հեշտ և այն էլ՝ միայն «իսկական» հայերի մոտ։ Մեր այսօրվա հոդվածի հերոսի մոտ այդպես էլ եղավ կյանքում, և նա «իսկական» հայ է։
Համաձայնեք, որ շատ հզոր է, երբ դու հայկական ազգանուն ունես, և 100 միլիոն կարողություն` դոլարներով։ Եվ ամբողջ այդ գումարը դու ոչ թե գողացել ես, այլ շահել աշխարհի ամենաազնիվ խաղում` պոկերում։
Կարծում եմ, բոլորին արդեն հասկանալի է, որ խոսքը «Ինստագրամի արքա» (ինչպես նրան անվանում են ամբողջ աշխարհում) Դեն Բիլզերյանն է` ամբողջ աշխարհի առնվազն 12 միլիոն մարդու կուռքը, հենց այդքան են Թվիթեր սոցիալական ցանցի նրա էջի հետևորդները, որտեղ նա մշտապես իր թանկարժեք ձեռքբերումների լուսանկարներն է տեղադրում՝ ամեն կերպ ի ցույց դնելով, բոլոր առումներով, իր շքեղ կյանքի բոլոր մանրամասները։
800 միլիոն արժողությամբ զբոսանավ, 200 միլիոն արժողությամբ երեք ինքնաթիռ, թանկարժեք կոլեկցիոն ավտոմեքենաներ, մշտապես համալրվող զենքի հավաքածուն (ընդհուպ մինչև մի քանի հակատանկային թնդանոթ) և այլն։
Ամերիկացի փլեյբոյի վերջին ձեռքբերումը Brabus AMG G63 6×6 ավտոմեքենան էր։ Դրա մասին, կարծում եմ, պետք է առանձին խոսել։ 4 տոննա քաշ ունեցող երկառանցքանի պիկապը, որով Դեն Բիլզերյանն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է որսի կամ հրաձգարան գնալ։
Ավտոմեքենայի շարժիչը 700 ձիաուժ հզորություն ունի, որն, ի դեպ, թույլ է տալիս 100 կմ/ժ արագություն բացել յոթ վայրկյանի ընթացքում։ Եվ այս ամենը՝ անկախ ավտոճանապարհի մակերևույթից։ Պետք է խոստովանել, որ ՀԶՈՐ է։
Այդ ավտոմեքենայի համար, ինչպես պնդում են ԶԼՄ-ները, Դենը շուրջ 757 հազար դոլար է վճարել։ Մանրուք է, չէ՞։ Հատկապես Gulfstream G IV ինքնաթիռի համեմատ, որը «ոսկի տղան», պարզվում է, վերջերս վարձակալության է տվել տիկին Քլինթոնին, որպեսզի նա իր նախընտրական արշավի ժամանակ տեղափոխվելու համար օդանավ ունենա։ Հանուն արդարության պետք է ասել, որ Ժողովրդավարական կուսակցության թեկնածուին դա, սակայն, էապես չօգնեց. ընտրություններում նա պարտվեց` իր տեղը զիջելով հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփին։ Վերջինի հետ, մեր մեջ ասած, Դենը նույնպես մտերիմ է։ Ավելին, ընտրություններից առաջ Բիլզերյանը կանխագուշակում էր հենց ընկերոջ հաղթանակը։
In an age of pussified political correctness, you have to respect the people who remain unfiltered @realDonaldTrump pic.twitter.com/pwXHuitXsV
— Dan Bilzerian (@DanBilzerian) 16 декабря 2015 г.
Բայց մի կողմ թողնենք քաղաքականությունը և վերադառնանք մեր հերոսին։ Հարկ է նշել, որ Դենն առաջին հերթին հայտնի է ոչ այդքան թանկ խաղալիքներով, որոնցով պարծենում է Թվիթերում` առաջացնելով միլիոնավոր մարդկանց նախանձն ու երկրպագումը, և նույնիսկ ոչ այդքան նրանով, որ 10 մլն արժողությամբ վիլլա է գնել Լեոնարդո դի Կապրիոյի հարևանությամբ։ Ասում են, որ Լեոյի հետ Դենն այնքան մտերիմ է, որ նրանք միասին լինում են տեղի ապօրինի պոկերային ակումբներում։
Սակայն բանը դրանում չէ։ Ամենից շատ Դենին նախանձում են այն անթիվ գեղեցիկ կանանց համար, որոնք նրան ուղեկցում են բարերում, փաբերում, հավաքույթների ժամանակ և այլ վայրերում։ Կանայք նրա մշտական ուղեկիցներն են նաև շքեղ խնջույքների ժամանակ, որոնք մեր հայրենակիցը կարողանում է բոլորից լավ կազմակերպել։
Նրա շրջապատում շատ են մշտական ընկերներն ու ընկերուհիները, որոնց համար նա, նրանց վկայությամբ, երբեք ոչինչ չի խնայում։ Եվ առաջին հերթին` գումար։ Հենց սա է, Դենին ծանոթ մարդկանց պնդմամբ, մեր հերոսի գլխավոր բնութագիրը։ Տիպիկ հայ։ Ինչպես ասում են «մերոնք» ամբողջ աշխարհում` հեշտ եկել է, հեշտ էլ կգնա։Թեև, Դենին տեսնելով պոկերի սեղանի շուրջ, չի կարելի ասել, որ փող վաստակելը նրան շատ հեշտ է տրվում։
Պատկերացրեք` ամբողջ օրը պոկերի սեղանի շուրջ, իսկ արդյունքում, երբեմն, պարտություններ են լինում… Մեր հերոսի հետ նաև նման դեպքեր են եղել` պարտություն երկու մլն դոլարի։ Զարմանալի չէ, որ 35 տարեկանում, Դենն արդեն երկու սրտի կաթված է տարել։ Սակայն նույնիսկ դա նրան չի կանգնեցրել…
Հավանականություն կա, թեև՝ փոքր, որ մանկության տարիներին մեր հայրենակցի աչքի տակ է ընկել Վյազեմսկու «Առաջին ձյունը» բանաստեղծությունը։ Կամ ավելի շուտ, Պուշկինի «Եվգենի Օնեգինի» բնաբանը` «… և ապրել է շտապում, և զգալ…»։ Դե, Պուշկինը միշտ էլ հանրաճանաչ է եղել Ամերիկայում։