ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Շուրջ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը`‹‹CBD›› և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններից:
Բացի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (3 արկ), հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
Հավատարիմ մնալով ընտրած մարտավարությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին պատասխանելուց և հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Առաջնագծի ամբողջ երկայնքով Արցախի զինված ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: