ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ Օզբիլիզին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2016 թվականի ձմեռային զորակոչը:
Քանի որ Արաս Իհսանի Օզբիլիզի 27 տարին լրանում է 2017 թվականի մարտի 9-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից։
«Արաս Օզբիլիզին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզի մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Արաս Իհսանի Օզբիլիզը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին։