ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին անչափ անհանգստացրել են Հալեպի խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացվող բռնությունները։ Այս մասին գրված է միջազգային կազմակերպության կայքում։
Նա Սիրիայի հատուկ պատվիրակ Ստաֆան Դե Միստուրային հանձնարարել է կապ հաստատել ներգրավված կողմերի հետ։ Այդ մասին նշված է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։
«Գլխավոր քարտուղարին մտահոգել է Հալեպի խաղաղ բնակիչների մեծ մասի, այդ թվում` կանանց և երեխաների նկատմամբ իրականացված բռնությունների մասին լուրը»,– գրված է հայտարարության մեջ։
Ընդ որում` նշվում է, որ ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հայտարարությունները։ Ինչ բռնությունների մասին է խոսքը, նույնպես չի նշվում։ ՄԱԿ-ի հայտարարության մեջ գրված է, որ «բոլոր կողմերի պարտականությունն է պաշտպանել խաղաղ բնակիչներին և հետևել միջազգային մարդասիրական իրավունքին»։
«Մասնավորապես, դա Սիրիայի կառավարության և նրա դաշնակիցների պարտականությունն է»,– գրված է փաստաթղթում։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով ռազմական գործողությունների շտաբին մոտ կանգնած աղբյուրներին, սիրիական բանակն ու աշխարհազորայինների ջոկատները սկսել են Հալեպի արևելյան հատվածները մաքրել ահաբեկիչներից։ Բնակիչները դուրս են եկել փողոց արևելյան հատվածները ազատագրելու պաշտոնական հաղորդագրության նախօրեին։ Մարդիկ ողջագուրվել և շնորհավորել են միմյանց Հալեպի ազատագրման համար, հաղթանակի պատվին օդ են կրակել։