ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Տոմսկի պետդումայի պատգամավորները հավանություն են տվել ռուս զորահրամանատար Ալեքսանդր Սուվորովի հուշարձանը տեղադրելու առաջարկին։ Այս մասին գրում է tomsk.ru-ն։ Ինչպես հայտնի է, զորահրամանատարը հայկական արմատներ ունի։
Հուշարձանը կկառուցվի «Տոմսկի հայերի միության» նախաձեռնությամբ։ Ճարտարապետության և քաղաքաշինության քաղաքային դեպարտամենտի ղեկավար Աննա Կասպերովիչը հայտնել է, որ քաղաքապետը նամակ է ստացել այդ հասարակական կազմակերպությունից։
«Նամակում գրված է, որ հայտ ներկայացնողը պարտավորվում է տարածքի բարելավման աշխատանքներ կատարել և իր վրա վերցնել հուշարձանի հետագա պահպանմանն ուղղված ծախսերը։ Կիսանդրին կկառուցվի բրոնզից և տեղադրված կլինի չորս մետր բարձրություն ունեցող պատվանդանի վրա», — ասել է Կասպերովիչը։
Կենսագրական տվյալների համաձայն` Սուվորովի մոր` Ավդոտյա (Եվդոկիյա) Ֆեոդոսևնա Սուվորովայի հորական ազգանունը Մանուկով է։ Հայտնի է, որ նրա հայրը Պետրոս I-ի օրոք քարտուղար է եղել։