Վիկտոր Կոնոպլյով
1988 թվականի դեկտեմբերի 7-ին ես բանակում էի։ Շարահրապարակում էինք, երբ մեզ ասացին, որ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Հիշում եմ այն ժամանակվա «Պրավդա» թերթը։ Առաջին էջին լացող տատիկի լուսանկար էր ու այսպիսի վերնագիր` «Ցավդ տանեմ, Հայաստան»։ Հենց այդ ժամանակ ես հասկացա այդ արտահայտության իմաստը, արտահայտություն, որը չկա աշխարհի ոչ մի այլ լեզվում, քանի որ միակն է, որ իր մեջ պարունակում է հայ ժողովրդի պատմության բոլոր էջերի ցավը, գրում է Վիկտոր Կոնոպլյովն իր «Նաշա սրեդա» կայքում։
Ավելի ուշ իմացանք, թե որքան ուժեղ է այդ ցավը։ «Վրեմյա» ծրագրի երեկոյան թողարկումը գրեթե ամբողջությամբ նվիրված էր այդ ողբերգությանը։ Ավերածությունների, մահվան, հուսահատության ու ցավի սարսափազդու կադրերը ալեկոծում էին հոգիդ։ Եվ միանգամից հարց առաջացավ` ինչպե՞ս օգնել, ինչո՞վ օգնել։ Գնալ այնտե՞ղ, բայց ախր ծառայության մեջ ես։ Զինվորական ամենամսյա ռոճիկ` 7 ռուբլի. սա այն էր, ինչով կարողացանք օգնել։
Ողբերգությունը տեղի ունեցավ Ղարաբաղյան հակամարտության թեժացման պահին։ Մենք այդ մասին ոչինչ չգիտեինք։ Կենտրոնական իշխանությունն ու նրա վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները լռում էին հայաստանյան և ղարաբաղյան իրադարձությունների մասին։ Միայն տարիներ անց ես իմացա, թե ինչու էին մարդիկ այդքան բացասաբար արձագանքել, երբ երկրաշարժից երեք օր անց ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը մեկնել էր Գյումրի։
Նրա գոռոզությունն ու մեծամտությունը չկարողացան քողարկել անգամ պալատական լուսանկարիչները։ Իսկ Ղարաբաղի մասին հարցը նրան զայրացրեց ու ստիպեց ոչ դիվանագիտական արտահայտություններ անել անջատողականների ու մորուքավոր զինյալների մասին։ Բացարձակ այլ լույսի տակ հանդես եկավ կառավարության այն ժամանակվա ղեկավար Վլադիմիր Ռիժկովը։ Այն, ինչ նա ասաց ու արեց, անկեղծ էր, մարդիկ հավատացին նրան։ Պատահական չէ, որ մինչև այսօր Հայաստանում նրա մասին խոսելիս բարի խոսքեր են հնչում…