ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից (շուրջ 1400 կրակոց) հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր (9 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (1 արկ):
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 125 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստ չի ունեցել:
Ինչ վերաբերում է երեկ երեկոյան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն լուրերին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղի ունեցած «դաժան մարտերի» ընթացքում հայկական կողմը տվել է 1 զոհ և 9 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
ՊԲ առաջապահ ուժերը, ինչպես երեկ` ողջ օրվա ընթացքում, այնպես էլ անցած գիշեր շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում հակառակորդին տվել համարժեք պատասխան: