ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը, ով կիրակի մասնակցեց «KINGS ON ICE PRESENT FASHION ON ICE» շոուին, հայ հանդիսատեսի ընդունելությունը ջերմ որակեց:
Անաստասիայի ելույթի վերջում հանկարծ երաժշտությունն ընդհատվեց, սակայն երիտասարդ գեղասահորդուհին շարունակեց համարը, կարծես ոչինչ էլ չէր պատահել:
«Ինձ հանդիսատեսը օգնեց, նույնիսկ երբ երաժշտությունն ավարտվեց, բոլորը ծափահարում էին, շատ հաճելի էր»,- ասաց նա:
Նրա խոսքով` ինքը միանգամից ընդունեց սառցե շոուին մասնակցելու հրավերը, Գալուստյանը նշեց, որ մտադիր է 2017 թվականի հունվարի վերջին մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
«Դեռ հրավեր չեմ ստացել, սակայն շատ կցանկանայի մասնակցել նման շոուների Հայաստանում: Ինձ շատ է դուր գալիս այստեղ ելույթ ունենալ», — ասաց Գալուստյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին
Նա ասաց, որ կուռքեր չունի գեղասահորդների մեջ, և փորձում է զարգացնել իր հմտությունները:
«Փորձում եմ կատարելագործվել և ոչ ոքի չնայել»,- նշեց Անաստասիան:
Արվեստի տարբեր ժանրերն ու նորաձևությունը միավորած «KINGS ON ICE PRESENT FASHION ON ICE» բացառիկ շոուն տեղի ունեցավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Շոուին մասնակցեցին լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, Սոչի-2014-ի օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան, ֆրանսիացի գեղասահորդ Ֆլորան Ամոդիոն, ինչպես նաև հայ մարզիկներ Անաստասիա Գալուստյանն ու Սլավիկ Հայրապետյանը: