ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2016-ն արձանագրեց 15,428.777 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում, հայտնում են հիմնադրամից:
Հեռուստամարաթոնն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո: Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում:
Առաջիկա օրերին իրենց հանգանակություններով հեռուստամարաթոնին կմիանան նաև Հիմնադրամի տեղական մարմինները Բրազիլիայում (նոյեմբերի 26-27՝ հեռախոսամարաթոն), Լիբանանում (դեկտեմբերի 7՝ ռադիոթոն) և Մեծ Բրիտանիայում (դեկտեմբերի 11՝ հեռախոսամարաթոն և բարեգործական քայլարշավ):
Հեռուստամարաթոն 2016-ի խոշոր նվիրատուներն են՝ Անդրանիկ և Սեդա Բաղդասարյանները (ԱՄՆ)՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար, Սամվել Կարապետյանը (ՌԴ)՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ՀՀ)՝ 350 000 ԱՄՆ դոլար, Ռեյ Հարթունյանը (ԱՄՆ)` 200 000 ԱՄՆ դոլար, Սամվել Ալեքսանյանը (ՀՀ)՝ 200 000 ԱՄՆ դոլար, Վարուժան Գրիգորյանը (ՀՀ)՝ 100 000 ԱՄՆ դոլար, Ֆլեշ ՍՊԸ-ն (ՀՀ)՝ 100 000 ԱՄՆ դոլար, Հակոբ Բաղդասարյանը (ԱՄՆ)՝ 100 000 ԱՄՆ դոլար, Գագիկ Ծառուկյանը (ՀՀ)՝ 100 միլիոն ՀՀ դրամ, Գրանդ Հոլդինգը (ՀՀ)՝ 60 միլիոն ՀՀ դրամ և Մաքուր երկաթի գործարանը (ՀՀ)՝ 20 միլիոն ՀՀ դրամ:
Հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ընդունել: