ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը խոստովանեց` ՀՀԿ-ին անդամակցելու դիմում դեռ չի ներկայացրել, բայց չհերքեց, որ մտածում է այդ մասին։
«Ժամանակ ունեմ մտածելու։ Մշակույթի հետ կապված հարց չունե՞ք»,- բոլորին լավ օր մաղթելով` հեռացավ նախարարը։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էլ խոստովանեց` երբևէ որևէ կուսակցության անդամագրված չի եղել, սակայն հիմա որոշել է իր թիմով միանալ ՀՀԿ-ին։
«Մինչև վերջերս ես քաղաքական դաշտում ընդհանրապես չէի աշխատում։ Պատրաստվում եմ դառնալ ՀՀԿ-ի անդամ։ Ոչ մեկ չի ստիպում, ես դիմումը ներկայացրել եմ, բայց դեռ չգիտեմ` ինչ կլինի։ Մենք թիմային աշխատող ենք և թիմով կմիանանք ՀՀԿ-ին»,- ասաց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ դիմում է ներկայացրել Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար և կետ առ կետ հայտնեց իր որոշման պատճառները։