ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները քննարկել են մայրաքաղաքի նոր անվան մեջ երկրի նախագահի անունն ընդգրկելու հարցը։
Պատգամավորները կողմ են քվեարկել ՂՀ անկախության 25-ամյակի հռչակագրի ընդունմանը։ Հռչակագրի տեքստը հնչեցրել է մեջլիսի պատգամավոր Կուանիշ Սուլթանովը։ Դրանում, մասնավորապես, նշված էր երկրի գլխավոր քաղաքի վերանվանման մասին, գրում է Sputnik Ղազախստանը։
«Այդ հարցի վերաբերյալ մենք դեռ կխորհրդակցենք։ Կարելի է անվանել «Նուրսուլթան», կարելի է անվանել «Նազարբաև»։ Դա ժողովրդի առաջարկն է։ Այսօր մենք այն արտացոլել ենք մեր հռչակագրում, և պատգամավորներն աջակցել են դրան», — լրագրողներին ասաց Սուլթանովը։
Նրա կարծիքով` Աստանան և ղազախստանցիներն արժանի են, որ «այս քաղաքը կրի առաջին նախագահի անունը, այն ստեղծողի, այս քաղաքի հիմնադրի անունը»։
«Այդ գումարները (հավանական վերանվանման համար ծախսվելիք միջոցները — խմբ.) կծախսվեն լավ գործի համար, կնպաստեն ազգային գիտակցության, պետականության, պատմության ձևավորմանը», — ավելացրեց Սուլթանովը։
Մեջլիսի պատգամավոր Մաուլեն Աշիմբաևը առաջարկն անվանել է «ճիշտ» և «կարևոր»։
«Իսկ թե ինչպես դա տեղի կունենա, կարծում եմ, այդ մասին անհրաժեշտ է, իհարկե, խորհրդակցել հասարակության, մարդկանց հետ։ Թե դա ինչպես կլինի, հետագա քննարկումների առարկա է», — ավելացրել է նա։
Մեջլիսի պատգամավոր Զագիպ Բալիևի կարծիքով` Աստանան կարելի էր «Նազարբաև» վերանվանել։