ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժաղովի վերջին որոշմանը`«Երևան Գարեջուր» ընկերությանը տուգանելու վերաբերյալ։
«Հանձնաժողովն օրենքով ստեղծված անկախ մարմին է, և կառավարությունն այստեղ ազդեցության լծակներ չունի։ Բայց դա մեզ չի զրկում կարծիք հայտնելու հնարավորությունից»,- ասաց վարչապետը։
Վարչապետը ՏՄՊՊՀ֊ին և ղեկավար Արտակ Շաբոյանին հորդորեց ուշադրությունն ուղղել առաջնային սպառման ապրանքների շուկայի վրա։ Վարչապետի դիտարկմամբ` սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կա լուրջ մրցակցություն։
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն նոյեմբերի 16-ին որոշել էր «Երևան Գարեջուր» ընկերությանը տուգանել 110 մլն դրամով, քանի որ ընկերությունը բարձրացրել է գարեջրի գինը՝ ստանալով 110 մլն դրամի լրացուցիչ շահույթ, որն էլ ամբողջությամբ կգանձվի պետբյուջե։