ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Նոյեմբերի 11-ին ԱԱ-2018 թվականի առաջնության ընտրական խաղում Հայաստանի հավաքականը տոնեց իր առաջին հաղթանակը խմբում: Մեր թիմը, պարտվելով 0:2 հաշվով, առավելության հասավ Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ 3:2 հաշվով:
Sputnik Սերբիայի թղթակից Միլոշ Չուրչինը հեռախոսով պատմեց, թե ինչ տրամադրություններ կային Չեռնոգորիայի լրատվամիջոցներում խաղի ավարտից հետո:
Այն լրատվամիջոցները, որոնք գրել են Հայաստան-Չեռնոգորիա խաղի մասին, հիմնականում տեղի ունեցածը համարում են շոկ: Առաջին խաղակեսում գրանցված արդյունքը Չեռնոգորիայի լրատվամիջոցները համարում են սպասելի. խիզախ արծիվները (այդպես են անվանում իրենց թիմին Չեռնոգորիայում) կարողացան հասնել իրենց նպատակին` օգտագործելով մրցակցի վրիպումներն ու իրենց առանձին խաղացողների բարձր կարգը: Բայց այն, ինչ տեղի ունեցավ երկրորդ կեսում, անսպասելի էր բոլորի համար:
Չեռնոգորիայի լրատվամիջոցներին տված հարցազրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը նշել է. «Ես զարմացած եմ, ես ապշած եմ, թե ինչպես մենք ձեռքից բաց թողեցինք հաղթանակը: Առաջին խաղակեսը շատ լավ դասավորվեց մեզ համար, բայց արժանին եմ մատուցում Հայաստանի հավաքականին, որը կամային շատ բարձր որակներ դրսևորեց: Ամեն դեպքում, հանդիպման արդյունքը հաշվի առնելով` խաղի ընթացքն ինձ համար շոկ էր»:
Պարտությունն, իսկապես, շատ ծանր էր հյուրերի համար: Հասկանալի է, որ թիմի համար, որը հաղթում էր 2:0 հաշվով, երբեք չի կարող լավ արդյունք համարվել 2:3 հաշվով պարտությունը: Լրատվամիջոցներում, իրոք, շոկ էին ապրում, ու եղան տարբեր վերնագրեր, որոնցից ամենասուրը «ինքնասպանություն» որակումն էր:
Խաղից առաջ Չեռնոգորիայի հավաքականն ընտրական խմբի առաջատարներից էր ու երեք խաղից հետո վաստակել էր յոթ միավոր: Մրցակցի ճամբարում ու երկրպագուների շրջանում վստահ հնչում էին գնահատականներ, ըստ որոնց` Չեռնոգորիան Հայաստան էր ժամանել միայն հաղթելու համար: Եվ առաջին խաղակեսից հետո ոչ ոք, համենայն դեպս Չեռնոգորիայում, արդեն չէր կասկածում իրենց թիմի հաղթանակին: Բայց բոլորս արդեն գիտենք, թե ինչ տեղի ունեցավ «Հանրապետական» մարզադաշտում:
Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ, խաղի ընթացքում երկու գնդակ ընդունելով սեփական դարպասը, կարողացավ բեկել խաղի ընթացքն ու հաղթանակի հասնել: Իրոք, շատ դրամատիկ խաղ ստացվեց:
Հայաստանի թիմի հաջորդ հանդիպումը կայանալու է 2017 թվականի մարտի 26-ին: Այդ օրը սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Ղազախստանի թիմին: Մրցակցին թերագնահատելու մասին նույնիսկ մտածել չի կարելի: Հայաստանի թիմը հերթական դժվար հանդիպումն է անցկացնելու, և հուսանք, որ նորից հպարտանալու առիթ կունենանք մեր հավաքականի խաղով ու արդյունքով: