ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի, Sputnik- մամուլի տեսություն. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Sputnik Արմենիային մաղթել է սեփական գաղափարների և ազնիվ տեղեկատվության տարածման ամենահզոր գործիք դառնալ։ Հարցազրույցի մի մասն արդեն հրապարակվել է Sputnik Արմենիայի ռուսերեն և հայերեն էջերում։ Ամբողջական տեքստը կհրապարակվի վաղը, ժամը 11։00-ին։
«Ես ցանկանում եմ, որ Sputnik-ը դառնա հզոր գործիք կոլեկտիվի համար, որպեսզի տարածի իր գաղափարները և փոխանցի ազնիվ տեղեկատվություն։ Ուզում եմ, որ նրանք իրենց ընկերության լավ տերերը զգան։ Իսկապես ուզում եմ, որովհետև դա մեծ լսարան է։ Զանգվածային լրատվական միջոցների աշխատանքից շատ բան է կախված ժամանակակից աշխարհում։ Ցանկանում եմ, որ նրանց աշխատանքը կայուն լինի, և նրանք ոգեշնչեն երիտասարդներին՝ լավ արարքներ կատարել, դառնալ օլիմպիական չեմպիոններ, դպրոցական օլիմպիադաների հաղթողներ։ Ուզում եմ, որ նրանք համոզեն բոլորին, որ բարեկեցության ամենաճիշտ և կայուն աղբյուրն ամենօրյա տքնաջան աշխատանքն է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։ Liveinternet.ru-ի տվյալով` Sputnik Արմենիա լրատվական պորտալը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդգրկվել է առաջատար առցանց-ԶԼՄ-ների ցանկում։
Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: