ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոնկրետ աղբյուրներ ցույց տվեց բանակի համար անհրաժեշտ գումարը գտնելու համար:
«Հանրապետությունը պղինձն արտահանում է օֆշորներ, օֆշորներից վաճառում է իրական գնով: Պղինձն արտահանվում է 2000 դոլարով, այնտեղից վաճառվում է 4, 4.5, 5, 5.5 հազար դոլարով: Բոլորը դա գիտեն, և բոլորն այդ փողի տեղը գիտեն»,- ասաց Բագրատյանը:
Նա առաջարկեց բարձրացնել նաև մեծ առանձնատների համար գանձնվող գույքահարկը: 500 քմ-ից ավելի մակերես ունեցող տների համար՝ 1.5-2%-ով, 1000 և ավելիի համար՝ մինչև 3 %: Հրանտ Բագրատյանի հաշվարկով` այս նախաձեռնությունը բյուջեին լրացուցիչ 20 մլրդ դրամ մուտք կապահովի:
Բագրատյանը թվարկեց նաև բյուջեի վրա ծանրացած անհարկի ծախսերը: Օրինակ՝ ԿԲ-ի տարեկան բյուջեն 35 մլրդ դրամ է, ևս 15 մլրդ դրամի ԿԲ-ն շինարարություն է անում, այն դեպքում, երբ Սահմանադրությամբ նման գործառույթ չունի: Բացի այդ, հաստիքները վերջին մի քանի տարում շուրջ եռակի ավելացել են՝ նախկին 250 աշխատակցից հասնելով 820-ի: Ավելացել են նաև ծառայողական ավտոմեքենաները՝ հասնելով 31-ի:
Բագրատյանը հիշատակեց նաև ԱԺ-ի, կառավարության ծառայողական ավտոմեքենաները, որոնք սպասարկում են այնպիսի պաշտոնյաների, որոնք կարող են նաև հասարակական տրանսպորտով երթևեկել:
«Սրանք այն ծախսերն են, որ հանգիստ կարող ենք կրճատել»,- ասաց նա:
Միաժամանակ Հրանտ Բագրատյանն անդրադարձավ հիմնադրամի կառավարումը ԿԲ-ին հանձնելու գաղափարին՝ հիշեցնելով, որ ԿԲ-ն Սահմանադրությամբ նման իրավասություն չունի, բացի այդ նախագիծը հակասում է նաև Հիմնադրամների մասին ՀՀ օրենքին: