ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. ՀՀ առաջին պետական պարտքն անկախ Հայաստանի կառավարությունը վերցրել է 1993թ-ին: Այդ պահից սկսած` դրա չափը տարեցտարի աճում է: 2016թ-ին այն ավելացել է ևս 4 տոկոսով և ներկա պահին, ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի խոսքով, ՀՀ պետական պարտքը 5 մլրդ 607 մլն դոլար է, որից 5.1 միլիարդը ՀՀ կառավարության պարտքն է, մնացածը՝ Կենտրոնական բանկինը: Այս գումարը կազմում է ՀՆԱ-ի 54.6 %-ը:
Ի դեպ, պաշտոնական տվյալներով, ՀՀ-ն ամենաշատը պարտք է Զարգացման միջազգային ընկերակցությանը (IDA): Ընդհանուր պարտքի 38.8 տոկոսը հենց այս կազմակերպությանն ունեցած մեր պարտքն է: Երկրորդ տեղում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն է, որին մեր պարտքը 15.8 % է կազմում: Ասիական զարգացման բանկին ունեցած պարտքը 13.2%-ի չափով է, Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 4.8 %, Եվրասիական զարգացման բանկին՝ 3.4%:
Օտարերկրյա պետություններից ամենաշատը ՀՀ-ն պարտք է Ճապոնիային՝ 8.2% և Գերմանիային՝ 3.6%: Համեմատության համար նշենք, որ ՌԴ-ին ունեցած մեր պարտքը ընդհանուր պարտքի կառուցվածքում ընդամենը 0.3% է կազմում:
Պետական պարտքի կառավարումը ՀՀ պետական բյուջեի համար անցնցում դարձնելու նպատակով կառավարությունը տարիներ առաջ թողարկեց առաջին եվրապարտատոմսերը: Դրանց մարմնան ժամկետը լրանում է 2020թ-ին: Ինչը նշանակում է, որ պարտքի սպասարկումը հատկապես թանկ է արժենալու հենց այդ տարում:
«Այս պահին ձևավորված ամբողջ պարտքից 2020թ-ին մարվելու է և տոկոսների տեսքով Հայաստանից դուրս է գալու 921 մլն դոլար, որից 164 մլն-ը տոկոսավճարներն են»,- ասաց Արշալույս Մարգարյանը:
Այս հեռանկարը, սակայն, պետական այրերին այնքան էլ չի անհանգստացնում: Պետական բյուջեի վրա միանգամից ընկնող այս բեռը թեթևացնելու համար կառավարությունն արդեն իսկ հեռահար ծրագիր է մշակել: Պետական պարտքը վերաթողարկվելու է նոր պարտատոմսերի տեսքով:
«Աշխարհում սովորաբար ընդունված չէ մեկանգամյա մեծ վճար գցել բյուջեի վրա: Դրա համար պետք է հաշվարկից հանել նաև վերաթողարկվող 500 մլն դոլարը: Այսինքն կմնա շուրջ 400 մլն դոլար գումար»,- նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է կառավարությունն արդյունավետ ծախսել պետության վերցրած հարյուրավոր միլիոնների հասնող պարտքի գումարները, ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կառավարությունը հակված չէ դրանք «կատարյալ» գնահատել և չի թաքցնում, որ այդ ուղղությամբ անելիքներ կան: