ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, հայտնում է armsport-ը:
Պաշտոնական միջոցառումը կայացավ ֆուտբոլի ակադեմիայում, որին Մխիթարյանից բացի` ներկա էր նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Նա իր խոսքում ողջունել է Մխիթարյանին, ով միացել է ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպանների մեծ ընտանիքին: Նրա խոսքով` անցած 70 տարիների ընթացքում պաշտպանվել են երեխաների իրավունքները:
«Մեր նպատակի իրականացման համար շատ ջանքեր ենք գործադրել: Բարի կամքի դեսպաններն աշխարհում շատ կարևոր դեր են կատարել: Տարբեր ոլորտների ներկայացուցիչներն ամեն ինչ ներդրել են երեխաների կողքին լինելու համար: Մենք շատ շնորհակալ ենք Հենրիխին, ով համաձայնեց աշխատել երեխաների համար: Լինելով «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ` նա արդեն իսկ օգնում է: Սիրելի Հենրիխ, մեզ համար մեծ պատիվ է այս իրադարձությունը: Երեխաները հույս են կապում մեզ հետ, նրանք պետք է ստանան կրթություն ստանալու իրավունք: Հուսով եմ, որ միասին կարող ենք շատ ավելին անել»,- ասաց Ռադոչայը:
Մխիթարյանը վստահություն հայտնեց, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ կարող է երեխաների կողքին լինել:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ն այն եզակի կազմակերպություններից է, որը նման կերպ երեխաների կողքին է: ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ իմ համագործակցության հիմնական շեշտը լինելու է կրթության ոլորտը: Ակտիվ քայլեր ենք ձեռնարկելու, որ յուրաքանչյուր երեխայի համար լավ հնարավորություններ ստեղծվեն»,- ասաց նա:
Այնուհետև Մխիթարյանին հանձնվեց ՅՈւՆԻՍԵՖ-ի գրությամբ մարզաշապիկ, և նա պաշտոնապես դարձավ բարի կամքի դեսպան: