ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Թեյ չկար, լրագրողները թեյել չցանկացան, բայց ջուրն ու շոկոլադը բավարարեց առողջապահության նախարարին ուղղած հարցերի պատասխանները լսելու համար։
Լևոն Ալթունյանը լրագրողների հետ ոչ ֆորմալ հանդիպման ձևաչափ է առաջարկել. յուրաքանչյուր ուրբաթ երեկոյան հանդիպել ու զրուցել ոլորտին առնչվող խնդիրների մասին։
«Դուք շատ ավելի լավ եք տեղեկացված առողջապահության ոլորտում տիրող վիճակի, առկա խնդիրների, մտահոգող միջադեպերի մասին, այս ձևաչափով հանդիպումները կնպաստեն բնագավառը կարգավորելուն, մենք համատեղ կլուծենք խնդիրները»,- ասաց նախարարը։
Առաջին հանդիպումներն էին, թե այլ պատճառ կար, դժվար է ասել, բայց հանդիպումն ավելի շատ ասուլիս հիշեցրեց, այն էլ` շատ ֆորմալ ձևաչափով (ոչ ֆորմալի մասին միայն շոկոլադն ու խնձորներն էին հիշեցնում), քանի որ նախարարին ուղղված հարցերը բազմաթիվ էին՝ բուժաշխատողների գործունեությունը վերահսկելուց մինչև մարզերում համապատասխան կադրերի բացակայությունը։
Sputnik Արմենիայի՝ հանրապետության հեռավոր բնակավայրերը անհրաժեշտ մասնագետներով ապահովելու հարցին ի պատասխան նախարարն ասաց, որ դա լուրջ խնդիր է՝ պայմանավորված բազմաթիվ հանգամանքներով, բայց նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ, որպեսզի հեռավոր վայրերից մարդիկ ստիպված չլինեն հասնել մայրաքաղաք տեղում համապատասխան բուժաշխատող չլինելու պատճառով։
Լևոն Ալթունյանը խոսեց նաև սոցիալական փաթեթների մասին` նշելով, որ պետությունը քայլ արեց՝ պետական աշխատողներին բժշկական ապահովագրություն տրամադրելով, սակայն մասնավոր սեկտորը չհետևեց դրան։
Հանդիպման ավարտին նախարարն ասաց, որ հանդիպման այս ձևը շարունակական է լինելու՝ յուրաքանչյուր ուրբաթ, և կատակեց՝ հաջորդ հանդիպմանը կգամ ինքնաեռով։