«Հրապարակ». Կարեն Կարապետյանը կգլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը հնարավոր է ղեկավարի վարչապետ Կարեն Կարապետյանը, որի շուրջ, թերթի որակմամբ՝ «ա լյա Սամվել Բալասանյան» դաշինք կստեղծվի, իսկ Սերժ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ շտաբը:
«Սակայն իրավաբանները համաձայնության չեն կարողանում գալ` օրենքը թույլատրո՞ւմ է Կարեն Կարապետյանին պատգամավորի թեկնածու գրանցվել, թե՞ ոչ: Օրակարգում գտնվող` Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամակցության հարցն էլ կորոշվի ՀՀԿ համագումարից մեկ շաբաթ առաջ: Պայմանավորվածություն կա, որ այդ մասին կհայտարարի անձամբ Կարեն Կարապետյանը, ուրիշ ոչ ոք»,- գրում է թերթը:
«Հրապարակի» փոխանցմամբ, վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակցման հետ կապված որոշակի խնդիրներ կան նաև կուսակցության կառուցվածքային փոփոխությունների հետ կապված:
Ըստ թերթի, ՀՀԿ նախագահի և ՀՀԿ խորհրդի ղեկավարի ստատուսները հնարավոր է առանձնացվեն: Մեկը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը, մյուսը՝ Կարեն Կարապետյանը:
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի շուրջ կձևավորվի նոր «Միասնություն»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեև երեկ Գագիկ Ծառուկյանը մեկնել է երկրից, սակայն նրա վերադարձի շուրջ քննարկումները շարունակվում են։ Եթե հարցը դրական լուծում ստանա, ապա համամասնական ցուցակը կարող է սենսացիոն լինել՝ ընդգրկելով Գագիկ Ծառուկյան, Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան հաղթող եռյակին:
Ի դեպ, ոմանք պնդում են, որ ինչ-որ պահից նրանց պետք է միանար նաև Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը: Իսկ ընդհանուր մտահղացումը հետևյալն է` ստեղծել լուրջ դաշինք, որի անվանումը, ի դեպ, հնարավոր է «Միասնություն» լինի, որպեսզի ասոցացվի Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան համանուն հզոր դաշինքի հետ:
Այստեղ կներառվեն ոչ միայն ԲՀԿ-ի բեկորները, այլև «Համախմբում» կուսակցությունն ու քաղաքական դաշտի համանման կուսակցությունները»:
«Ժողովուրդ». Տարակարծություններ ՊՊԾ գնդի տանիքից արձակված կրակոցի շուրջ
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս սպանված ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության վերաբերյալ իրավապահ մարմինների մոտ տարակարծություններ են առաջացել:
Ըստ թերթի` խնդիրն այն է, որ մինչ օրս դեռևս պաշտոնապես չի հաղորդվել՝ ինչ վիրավորում է ստացել Տեփանոսյանը: Հայտնի է միայն, որ իրավապահների կողմից տվյալ տարածքի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տանիքից:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է` ենթասպա Յուրի Տեփանոսյանը հրազենային վիրավորում է ստացել ծոծրակի հատվածում: «Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչպես կարող էին մգացված ապակիներով մեքենայի ուղղությամբ տանիքից կրակոց արձակել և դիպչել ծոծրակին:
Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաղորդել է, որ հայտնի են ոստիկանության 3 աշխատակիցներին սպանողները: Սակայն անուններ այդպես էլ չի հիշատակվում, ավելին՝ խմբավորման անդամներից և նրանց հետ կապ ունեցողներից որևէ մեկի նկատմամբ սպանության մեղադրանք առաջադրված չէ»,-գրում է թերթը:
«Հայկական ժամանակ».Կարեն Կարապետյանի կադրերին ընտրում է նրա փեսան
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով` վարչապետ Կարեն Կարապետյանի կադրային քաղաքականության վրա բավական մեծ ազդեցություն ունի նրա միլիոնատեր փեսան՝ Էներգետիկ ենթակառույցների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Վերջինիս, հիշեցնենք, այդ պաշտոնում նշանակել էր Հովիկ Աբրահամյանը: Հայկ Հարությունյանը ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, իսկ Արզուման Հարությունյանն իր հերթին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:
Թերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանը իր փեսայի խորհրդով է ընտրել հատկապես իր երիտասարդ խորհրդականներին: Ավելի շուտ Հայկ Հարությունյանի առաջարկած կադրերն են նշանակվում տարբեր պաշտոնների:
«Կարեն Կարապետյանն ունի տասնչորս օգնականներ և խորհրդականներ, որոնցից միայն յոթին ինքն է նշանակել: Իսկ նրանցից չորսը աշխատում են հասարակական հիմունքներով, այսինքն պետք է, որ առանց աշխատավարձի խորհուրդներ տան վարչապետին»,- գրում է թերթը:
«Ժողովուրդ». Կրքեր մատենադարանի տնօրենի աթոռի շուրջ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր տնօրենի նշանակման շուրջ Մատենադարանում լուրջ քննարկումներ են: Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենի հավանական թեկնածուներից մեկը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լևոն Սարգսյանը, ով Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ է:
«Համապատասխանո՞ւմ է, արդյոք, Լ. Սարգսյանը սահմանված չափանիշներին, հայտնի չէ: Այդուհանդերձ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ տնօրենի նշանակման հետ կապված մրցութային գործընթացը դեռևս չի մեկնարկել: Իսկ ինքը` Լևոն Սարգսյանը, «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեց, որ մրցույթը հայտարարելու դեպքում ինքը չի պատրաստվում իր թեկնածությունը առաջադրել Մատենադարանի տնօրենի համար»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, արդեն երկու ամիս է` Մատենադարանը տնօրեն չունի: Նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանը սեպտեմբերի 3-ին մահացել էր: