ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. 2017թ-ի բյուջեում 30 մլրդ լրացուցիչ միջոցներ չեն գտնվել, ինչի հետևանքով թոշակներն ու նպաստները չեն բարձրացվելու, այս մասին լրագրողներին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` հիշեցնելով, որ բյուջեի 30%-ը հատկացվում է սոցիալական ոլորտին:
«Սոցիալական պաշտպանության ոլորտը եղել է, կա և կլինի առաջնահերթություն: Առաջին հերթին միջոցներն ուղղվում են այդ ոլորտին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կառավարության հայտարարած պետական միջոցների խնայողության և կառավարման համակարգի օպտիմալացման արդյունքում խնայված միջոցները սոցիալական ոլորտին ուղղելու հնարավորությանը, Ասատրյանը նշեց, որ օպտիմալացումը նման հնարավորություններ չի ընձեռում, քանի որ խնայված միջոցներն անհամատեղելի են թոշակներն ու նպաստներն ավելացնելու համար անհրաժեշտ միջոցների հետ:
Բայց սոցիալապես անապահով խավն, ըստ նախարարի, հաջորդ տարի անտեսված չի լինի:
«Ես կարծում, որ հաջորդ տարվա ծրագրում այն բոլոր միջոցառումները, որ նախատեսված են, պետք է նաև սոցիալական բեռի թեթևացման բերեն»,- ասաց նա։ Նախարարը մասնավորեցրեց, որ խոսքը էլեկտրաէներգիայի և գազի սակագների տարբերակված մոտեցումների, ջերմոցային տնտեսությունների և գյուղմթերքի վերամշակման ոլորտում տարբերակված սակագների կիրառման ծրագրերի մասին է:
Դրանք, նախարարի մեկնաբանմամբ, կարող են հանգեցնել սոցիալական բեռի թեթևացման, քանի որ այդ ոլորտում հիմնականում զբաղված են սոցիալապես անապահով խավերը: