ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայկական տաղավարը ձևավորված էր բացառապես ազգային զարդանախշերի տարրերով և նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվիրակության հետ ցուցահանդեսին մասնակցել են նաև «Անտարես», «Զանգակ», «ԵՊՀ» հրատարակչությունները, «Առաջին», «Արի» գրական գործակալությունները, «Գրքի ինստիտուտը»:
Ներկայացվել է վերջին 2-3 տարիների հրատարակությունները. Հայաստանի պատմությանը նվիրված` ալբոմային, թարգմանական, հայ դասական, ժամանակակից, մանկապատանեկան, ինչպես նաև մասնավոր հատվածի նախաձեռնությամբ լույս տեսած գրքեր: Պատվիրակության անդամ հրատարակիչների արտադրանքը ներկայացված էր առանձին հատվածներով:
Հայկական տաղավարում տեղի է ունեցել Զավեն Խաչիկյանի «Սև, սպիտակ, եռագույն» լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը: Ռուսական տաղավարում անցկացվել է Օսիպ Մանդելշտամի 125-ամյակին նվիրված գրական ծանոթություն, որի ժամանակ ծավալուն ներկայացվել է նաև Հայաստանի պատմության թանգարանի հրատարակած «Հայաստանն ըստ Մանդելշտամի» պատկերագիրքը:
Հայկական տաղավարին անակնկալ էին պատրաստել նաև ուկրաինացիները՝ նվիրելով «Մոռացված նախնիների ստվերները» ստեղծագործության ուկրաիներեն հրատարակությունը, իսկ լեհական պատվիրակությունը նվիրել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպի լեհերեն հրատարակությունը: Պետք է նշենք, որ Վ. Ոսկանյանի այս վեպը հրատարակվել է ավելի քան 25 լեզուներով:
Նախարարության պատվիրակությունը լեհական տաղավարում հանդիպել է նաև Յանուշ Վիշնևսկու հետ, քննարկել 2017 թվականին` «Գրական տապան» միջազգային փառատոնին նրա մասնակցության հարցը:
Գրական գործակալները, հրատարակիչները և նախարարության պատվիրակությունը հանդիպումներ են ունեցել արտերկրի գործընկերների հետ՝ գրողների հեղինակային իրավունքների ձեռքբերման բանակցությունների վարման և հայ հեղինակներին արտերկրի հրատարակիչներին ներկայացնելու նպատակով: