ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են իրականացվել ձմռան նախապատրաստական աշխատանքները, նաև համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, ըստ անհրաժեշտության վերականգնվում են շենքերի անձրևատար խողովակները:
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ևս իրականացվում են ձմռան նախապատրաստական աշխատանքներ:
Այդ համատեքստում աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մասնավորապես հանրակրթական դպրոցներում իրականացվում են նաև դռների և պատուհանների ջերմամեկուսացման աշխատանքներ, որոնք կավարտվեն այս շաբաթավերջին:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են այգիների մաքրման և ծառերի խնամքի աշխատանքները։ Ըստ ժամանակացույցի՝ շարունակվում է նաև չոր և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի էտը: Զուգահեռաբար սկսվել են աշնանային ծառատունկի և շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները:
Խորհրդակցության ավարտին զեկուցվել է նաև, որ ստեղծվել է աշխատանքային խումբ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ նոյեմբերի 9-12-ը «Սանկտ Պետերբուրգի օրերի» շրջանակում Երևանում նախատեսվող միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: