ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակչության 1/3-ն աղքատ է: Այս փաստը հաստատում են նաև պաշտոնական աղբյուրներում հրապարակված թվերը, որոնց համաձայն գյուղն ունի 247 տնտեսություն, որից 80-ը` նպաստառու:
Գյուղում գրանցված տնտեսությունների ու նաև ընտանեկան նպաստ ստացողների թիվը լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց հատկապես այս տարվա հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախօրեին: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին նախ` ընտրողների ցուցակների, ապա նաև` նպաստառուների թվի ուռճացված լինելու մասին:
Որոշ տեղեկությունների համաձայն, գյուղում գրեթե բոլոր ընտանիքները կեղծ ամուսնալուծված են, և մայրերը` որպես միայնակներ, նպաստ են ստանում: Բացի այդ, որոշ ընտանիքների անդամների մի մասը գրանցված է իր տանը կից շինությունների` գոմի, խորդանոցի գոյություն չունեցող հասցեով, բայց իրականում ապրում է ընտանիքի հետ` նույն հարկի տակ:
Գյուղում ստեղծված վիճակի համար մամուլը մեղադրում է Սարատակի՝ վերջերս վեընտրված գյուղապետ Միշա Ղրզոյանին: Ավելին, որոշ լուրերի համաձայն, նախընտրական շրջանում Արթիկի սոցիալական ծառայության պետը գյուղացիներին սպառնացել էր զրկել նպաստներից, եթե նրանք իրենց ձայնը Միշա Ղրզոյանին չտան:
Տևական ժամանակ մամուլի այս հրապարակումներին պատկան կառույցները որևէ կերպ չէին արձագանքում, բայց վերջերս, դարձյալ ոչ պաշտոնական, տեղեկություններ տարածվեցին, թե իրավապահները Արթիկի սոցիալական ծառայությունում նպաստների համակարգում ստուգումներ են սկսել։
Լուրերը ճշտելու համար Sputnik Արմենիան այդ հարցն ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Նախարարը նախ խորհուրդ տվեց դիմել այլ պետական մարմին, ապա հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ:
«Մարզպետարանի մասով պետք է հարցնեք տարածքային կառավարման նախարարությանը»,- ասաց նա: Իսկ կոնկրետ համայնքի մասին մեր հարցին նախարարը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, իրենք մեր համակարգում չեն», և շտապեց հեռանալ:
Տարօրինակ զուգադիպությամբ, մեր այս զրույցից որոշ ժամանակ հետո, նույն օրը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակվեց հենց մեր հարցի պատասխանը:
«Զանգվածային որոշ լրատվամիջոցներում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի նպաստի իրավունքի օրինականության վերաբերյալ հրապարակած հոդվածներում տեղ գտած տեղեկությունները ճշտելու նպատակով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Սարատակ համայնքում իրականացրել է ուսումնասիրություն»,- հայտարարեց նախարարությունը, որի ղեկավարը ժամեր առաջ հայտարարում էր, որ այդ գործից տեղյակ չէ:
Նախարարությունը հայտնեց, որ ուսումնասիրվել են ոչ միայն Սարատակի 80 նպաստառու ընտանիքի գործերում առկա փաստաթղթերը, այլև այցելություններ են եղել դրանցից 30-ի տուն:
«Այցելությունների արդյունքում փաստվել է, որ նպաստ ստացող ընտանիքները իրապես աղքատ ընտանիքներ են, վարում են անապահով կենցաղ, որոշ դեպքերում անմխիթար բնակարանային պայմաններ` տունը չի ջեռուցվում, չունեն սանհանգույց, չկա ջրամատակարարում, հատակը բետոնապատ է»,- արձանագրում է պետական գերատեսչությունը:
Նախարարության կատարած ոսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սարատակ համայնքից անապահովության գնահատման համակարգում հաշվառված է 95 ընտանիք, որից ընտանեկան նպաստի իրավունք ունի 69-ը, սոցիալական նպաստի` 11-ը, ևս 2 ընտանիք գրանցված է եռամսյակային հրատապ օգնության ցուցակներում:
Ինչ վերաբերում է Արթիկի Սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը, ապա, ըստ նախարարության հրապարակած տեղեկատվության, 2016թ.-ի սեպտեմբերի դրությամբ այստեղ գրանցված է 2466 ընտանիք՝ 11643 անձով, որից սոցիալական նպաստ է ստանում 399-ը: Հրատապ օգնության ցուցակներում 2016թ. երրորդ եռամսյակի համար ընդգրկված է 145 ընտանիք:
Այսպիսով, թե՛ նպաստների համակարգում առկա խախտումների և թե՛ կեղծ ամուսնալուծությունների մասին մամուլում հրապարակված տեղեկությունները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է` իր պարզաբանման մեջ նշելով, որ ուսումնասիրության ընթացքում խախտումներ և նպաստի իրավունքի դադարեցման հիմքեր չեն հայտնաբերվել: