ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի-Sputnik, Արմենուհի Մխոյան. Sputnik Արմենիայի հրապարակումից հետո 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին գտնելու բժիշկ Կազբեկ Կուդզաևի նախաձեռնությանը միացան հազարավոր մարդիկ ու տարբեր լրատվամիջոցներ, փորձելով օգնել և տարածել նյութը, որտեղ նաև տեղադրված էր աղջկա ու բժիշկի լուսանկարը: Այնուամենայնիվ, ներքուստ պատկերացնում էի՝ 28 տարի անց շատ դժվար, գրեթե անհնար կլինի գտնել այդ աղջկան, հատկապես, որ չգիտեինք նրա անունն ու բնակավայրը: Նույնիսկ հիվանդանոցում, որտեղ կատարվել էր վիրահատությունը, այդ օրերի փաստաթղթային արխիվը դժվար է գտնել:
Ամենայն հավանականությամբ, սակայն, բժիշկին օգնելու ու այդ աղջկա մասին տեղեկություն իմանալու իմ մեծ ցանկությանը հազարավոր մարդկանց միանալու պատրաստակամությունն օգնեց գտնել նրան:
Առավոտյան ստացած հեռախոսազանգն անակնկալ էր: Աղջկան ճանաչող մարդկանցից մեկը զանգել էր խմբագրություն և հեռախոսահամար թողել: Աղջկան րոպե առաջ գտնելու ցանկությունս այնքան մեծ էր, որ անմիջապես զանգեցի:
Պարզվեց այն, ինչին չէի սպասում. հերոսուհուս ես էլ գիտեի, իմանալով անունը՝ անմիջապես հասկացա, որ հենց ինքն է, թեև հոդվածը գրելիս չէի պատկերացնում, որ ծանոթի մասին եմ գրում:
Հերոսուհուս հետ հեռախոսային խոսակցությունը ցրեց նույնիսկ նվազագույն կասկածներս: 1988 թվականի երկրաշարժից շատ տարիներ են անցել։ Հերոսուհիս, որն արդեն բավական կայացած ու հայտի կին է իր ոլորտում, խոստովանում է՝ անսպասելի էր տարիներ անց իմանալ, որ այն բժիշկը, ում շնորհիվ փրկվել է իր մի ոտքն, ու ով այդ ժամանակ նրան հույս ու հավատ էր ներշնչում, այսօր փնտրում է իրեն:
Խոստովանում է՝ զարմացել է, երբ տեսել է հոդվածն ու այդ նույն լուսանկարը, որից ինքն էլ ունի: Այն անմիջապես ուղարկել է մայրիկին:
«Այդ օրերի նկարագրությունն ու բժշկի խոսքերն այնքան ազդեցիկ էին, որ մինչև հիմա չեմ կարողանում սթափվել: Պարզապես հոգեբանորեն շատ դժվար է: Ճիշտ է, չեմ փորձել այս ընթացքում ինքս գտնել բժիշկին, բայց երբեք չեմ դադարել նրա մասին մտածել»,- նշեց զրուցակիցս:
Հերոսուհուս խնդրանքով չեմ հրապարակում նրա անունը: Հանգամանքների բերումով, այս պահին դա ճիշտ չեմ համարում նաև ես: Աղջկա մասին բժշկին կգրեմ անձնական նամակով՝ պատմելով այդ հրաշք-աղջկա մեծ հաջողությունների մասին: Որոշ ժամանակ անց, երբ հերոսուհիս ցանկանա խոսել այդ օրերի մասին՝ մեծ ուրախությամբ կգրեմ:
Իմ և Sputnik Արմենիայի անունից կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր միացան այս նախաձեռնությանն ու անմիջապես արձագանքեցին:
Սպասենք բժիշկ Կուդզաևի ու առայժմ անհայտ, բայց արդեն Sputnik Արմենիային հայտնի մեր հերոսուհու սպասված հանդիպմանը: