ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Երևանում հոկտեմբերի 28-ին, մեկնարկում է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը, հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։
Այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնի մրցութային ծրագիրը ընդգրկում է 5 մրցութային կարգ՝ լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմեր, երաժշտական անիմացիոն տեսահոլովակներ: Գրանցվել է փառատոնի մասնակցության աննախադեպ՝ 2200-ից ավելի հայտեր՝ ամբողջ աշխարհից:
Ամեն տարի «Ռեանիմանիան» հանրությանը կներկայացնի յուրահատուկ ծրագրեր, այս համատեքստում «Երևանյան պրեմիերաներն» այս տարվա ընտրանին է. կներկայացվի Կաննի փառատոնի մրցանակակիր, աշխարհահռչակ ռեժիսոր Միքայել Դուդոք դե Վիտի «Կարմիր Կրիան», ֆրանսիացի վարպետ Ժան ֆրանսուա Լագիոնիի «Լուիզան ծովի ափին», Սիմոն Րուբիի «Ադամա», 2016 թվականի Անսի փառատոնի գլխավոր մրցանակակիր և Օսկարի հավակնորդ Կլոդ Բառայի «Իմ կյանքը՝ որպես դդմիկ», 2015 թվականի Անսի փառատոնի մրցանակակիր Քրիստիան Դեմարի ու Ֆրանկ Էկանսիի «Ապրիլն ու արտասովոր աշխարհը» և մի շարք այլ նոր ֆիլմեր:
ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ կիրականացվի «Անկախ անիմացիա» ծրագիրը, որը ներառում է անկախության տարիներին լույս տեսած հայկական ֆիլմերը: Կներկայացվեն հայ անիմացիայի վարպետները. յուրաքանչյուր օր կնվիրվի մեկ վարպետի ժառանգությանը:
Շարունակելով համագործակցությունը EMCA անիմացիոն դպրոցի հետ (Անգուլեմ, Ֆրանսիա), մոտ օրերս «ՌեԱնիմանիան» կհայտարարի 2016-2017 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի համար հայտերի ընդունելությունը:
Փառատոնին կմասնակցեն Եվրիմաժի ներկայացուցիչներ, այդ թվում, փոխտնօրեն Իսաբել Կաստրոն: Քննարկումներ կլինեն հայ կինոգործիչների հետ: Փառատոնի այս տարվա գլխավոր հյուրն է` անկախ անիմացիայի կարևորագույն դեմքերից մեկը` ռեժիսոր Բիլ Փլիմփթոնը: