ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. «Հայֆիլմ» կինոստուդիայի լեգենդար «Պեպո» ֆիլմի նորացված տարբերակը Ռուսաստանի կողմից հայ ժողովրդին մատուցված անգնահատելի նվեր է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժամադրություն Ռուսաստանի հետ. ժամադրություն Մոսկվայի հետ» կինոփառատոնի գլխավոր պրոդյուսեր Վլադիմիր Պիրոժոկը։
Նրա խոսքով` 1935 թվականին նկարահանված հայկական հնչյունային առաջին ֆիլմին, որտեղ որպես կոմպոզիտոր հանդես եկավ Արամ Խաչատրյանը, երկրորդ կյանք են տվել։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ռուսական և հայկական կինոն նույն բանն է։ Հայերը միշտ կան ենթագրերում, և միշտ համահեղինակների դերում են հանդես գալիս», — ավելացրեց Պիրոժոկը։
Փառատոնի գլխավոր պրոդյուսերը նշեց, որ միջոցառումը չորս անգամ անցկացվել է ԱՊՀ երկրներում։ Իսկ այժմ այն Հայաստանում է։
«Վաղուց էի երազում, որ փառատոնն անցկացվի հենց այստեղ, քանի որ Հայաստանն ինձ համար ավետյաց երկիր է։ Հայաստանով ես շրջել եմ ծայրից ծայր։ Յուրաքանչյուրն այն ընկալում է յուրովի։ Ինձ համար Հայաստանը մի երկիր է, որն աշխարհին նվիրել է Կոմիտաս, Սպենդիարյան, Խաչատրյան, Չարենց, Թումանյան, Սարյան… Հայկական մշակույթը մեզ նվիրել Բեկ-Նազարյանի, Փարաջանովի, Դովլաթյանի, Մալյանի, Փելեշյանի կինոն», — ավելացրեց նա։
Նա ասաց նաև, որ փառատոնի շրջանակում տեղի կունենան ռուսական ֆիլմերի բազմաթիվ պրեմիերաներ։
Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինն իր հերթին նշեց, որ Հայաստանում անցկացվող կինոփառատոնի շրջանակում անպայման կցուցադրվեն ռուսական ֆիլմեր։
«Սա խոսում է այն մասին, որ այստեղ սիրում են ռուսական ֆիլմեր, դերասաններին, ռեժիսորներին։ Նոր ֆիլմերի պրեմիերաներին հասարակությունը հաճույքով է գալիս», — նշեց նա։
Կալինինն ավելացրեց, որ Հայաստանում ռուսական ֆիլմերի պրեմիերաներին դահլիճը միշտ լեփ-լեցուն է։ «Ժամադրություն Ռուսաստանի հետ. ժամադրություն Մոսկվայի հետ» կինոփառատոնը, որն անցկացվելու է հոկտեմբերի 27-29-ը, Երևանում կհավաքի կինոյի սիրահարներին, պրոֆեսիոնալ դերասաններին և ռեժիսորներին։
Միջոցառումն անցկացվելու է «Մոսկվայի տուն» մշակութագործարար կենտրոնում, ինչպես նաև Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում։
Փառատոնի կազմակերպիչներն են Մոսկվայի կառավարությունը, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտը, միջազգային համագործակցության մոսկովյան կենտրոնը, «Կինոյի առաջխաղացման արվեստ» պրոդյուսերական կենտրոնը։
Միջոցառման ընթացքում կանցկացվեն հատուկ տեղեկատվական և մշակութային իրադարձություններ` նվիրված Էդմոնդ Քյոսայանի 80-ամյակին և Համո Բեկ-Նազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի 50-ամյակին։
Առաջին նշանավոր տարեթվի կապակցությամբ տեղի կունենա անվանի ռեժիսոր Էդմոնդ Քյոսայանի «Խոհարարը» և «Տղամարդիկ» ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։